Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ նորընտիր ավագանու կազմով իր քաղաքապետ ընտրվելն այլևս անհնար է և ընդդիմադիր ուժերին առաջարկել է տապալել նորընտիր ավագանու առաջին նիստը և գնալ նոր ընտրությունների:
Նախ նշենք, թե ինչու է ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը իրավական տեսանկյունից դարձել անհնար: Խնդիրը կայանում է նրանում, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին, այդ իսկ պատճառով հնարավոր չի դառնում ընդնդիմադիր թեկնածուի ընտրությունը: Վերջիններս մինչ երեկ՝ ԿԸՀ հրավիրած ամփոփիչ նիստի ավարտը, ժամանակ ունեին ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել, ինչի արդյունքում մանդատները կփոխանցվեին այդ քաղաքական ուժի նախընտրական ցուցակում հաջորդաբար գրանցված թեկնածուներին, վերջիններս էլ մասնակցելով ընտրություններին՝ կկարողանային ապահովել ընդդիմադիր թեկնածուի ընտրվելը: Համաձայն ԿԸՀ կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ երեկ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Վահագն Հայրապետյանը, Մարգարիտ Խաչատրյանը, Ռուզաննա Երեմյանը: Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին պաշտոնական հաղորդագրությունը կարող եք տեսնել այստեղ:
Իսկ այժմ այն մասին, թե օրենքով սահմանված ինչ ընթացակարգերով ընդդիմությունը բոյկոտի արդյունքում կարող է հասնել նոր ընտրությունների անցկացմանը: Թեև ընտրական օրենսգիրքը և Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքը տարընթերցման բավական լայն դաշտ են ստեղծում, այնուամենայնիվ, ընտրական իրավունքի մասնագետների մի մասի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն ունի հետևյալ իրավական հանգուցալուծումը: Եթե հոկտեմբերի 10-ին ավագանու անդրանիկ նիստին քվորում չգրանցվի, ասել է թե՝ ներկա չլինեն 65 ավագանու անդամներից առնվազն 33-ը, ապա Տեղական ինքնակառավարման օրենքի 142-րդ հոդվածի համաձայն ապահովվելու է նիստի անընդհատության սկզբունքը՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը: Այդ նպատակով ավագանին երկշաբաթյա ժամկետում շարունակաբար հրավիրելու է նիստեր և օրենքով սահմանված 30 րոպե ժամանակահատվածում փորձելու է ապահովել քվորում և ընտրել քաղաքապետ:
Այսինքն՝ թեև խոսքը գնում է մեկ նիստի մասին, սակայն, այդ նիստը օրենքի ուժով կարող է տևել առավելագույնը 14 օր: Միայն օրենքով սահմանված 14 օրը լրանալուց հետո կառավարությունը ավագանու կողմից քաղաքապետ չընտրելու հիմքով արձակում է ավագանին: Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո' մեկշաբաթյա ժամկետում ԿԸՀ կողմից նշանակվում են նոր ընտրություններ՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ քան 40 օրվա ընթացքում: Նոր ընտրություններին կարող են մասնակցել բոլոր քաղաքական ուժերը:
Ամփոփենք, քանի որ ինքնաբացարկ չներկայացնելու պատճառով իրավական խոչընդոտներ են ի հայտ եկել՝ ավագանու անդրանիկ նիստին քվորում ապահովելու և 33 ձայնով ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար, ապա ընդդիմությանը մնում է միասնաբար, բառի բուն իմաստով՝ մեկ մարդու պես երկշաբաթյա ժամկետում բոյկոտել ավագանու նիստերը և արդյունքում գնալ նոր ընտրությունների:
Հ.Գ. Այս ընտրություններն, անշուշտ, լակմուսի թուղթ են դառնալու ընդդիմադիր քաղաքական դաշտի համար և ավելի քան վստահ ենք, որ ի վերջո ընդդիմադիր ուժերը՝ օրենքով սահմանված ողջ ժամկետի ընթացքում միահամուռ կերպով կբոյկոտեն ավագանու նիստերը և կգնան նոր ընտրությունների: Իսկ այն քաղաքական ուժը կամ ուժերը ներկայացնող անհատները, ովքեր կգնան ավագանու նիստին և իրենց ներկայությամբ քվորում կապահովեն, ի ցույց կդնեն այդ քաղաքական ուժի՝ իշխանության «տակ» լինելու փաստը: