ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն մայիսի 12-ին ընդունել է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով նախարար Լոքյանին ջերմ ընդունելության համար' ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության անդամ Լիզա Անսալան նշել է, որ իրենց համար պատիվ է Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացումներին հետևելը: Պատվիրակության անդամները հետաքրքրվել են նախարարից, թե ինչ քայլեր և աշխատանքներ են ձեռնարկվում տեղական մակ արդակում ժողովրդավարության խորացման, տեղական իշխանությունների դերի մեծացման և համայնքային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

 

Դավիթ Լոքյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակությամբ տեղեկացրել է, որ խոշորացված համայնքներում բավականին լուրջ աշխատանքներ են տարվել ծառայությունների բարելավման, նոր ծառայությունների մատուցման և ենթակառուցվածքային խնդիրները լուծելու ուղղությամբ: Նախարարը անդրադարձել է նաև խոշորացված համայնքներում իրականացվող տնտեսական ծրագրերին, որոնք մշակվել են նախարարության կողմից պատրաստված մեթոդական ուղեցույցի համաձայն:

 

Ծառայությունների որակի բարելավման համատեքստում, Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է համայնքների կողմից տրամադրվող ծառայությունները մասնավոր հատվածին պատվիրակելը, մասնավորապես' աղբահանության, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների սպասարկման հարցերում: