ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն օգոստոսի 13-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Մարվին Էլիսը, ԱՄՆ ՄԶԳ տնտեսական աճի վարչության փոխտնօրեն Ջեֆ Պարետչյանը և նույն վարչության նախագծերի կառավարման մասնագետ Դիանա Ավետյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը:
Ողջունելով հյուրերին' էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակին' տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, տնտեսության ազատականացման և այլ կարևոր ոլորտներում աշխատելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կօգնի բարելավել գործարար միջավայրը Հայաստանում, դարձնել Հայաստանի տնտեսությունն ավելի ուժեղ և մրցունակ:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլլիարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության հետ կնքած երկկողմ համաձայնագրերի հիման վրա, և հետագա համագործակցության համար առանձնակի շեշտադրել է գործարար միջավայրի բարելավման, ճյուղային զարգացման առաջնայնությունները' մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության և զբոսաշրջության ոլորտներում:
Զբոսաշրջության ոլորտի առնչությամբ Գործակալության կողմից ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային երթուղիների և զբոսաշրջային արդյունքի ձևավորման վերաբերյալ պատկերացումները, ինչպես նաև կարևորվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նախկինում ձևավորված առաջնայնություններն արդիական են և շարունակվելու են, միաժամանակ նոր շեշտադրումներ են ավելանալու, որտեղ նախարարն ընդգծել է բիզնեսի համար հավասար պայմանների ապահովումը, ճյուղային քաղաքականության մեջ հեռանկարային համարվող և զարգացման ներուժ ունեցող մի քանի ենթաճյուղերի զարգացումը' ադամանդագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկու և պղնձի մշակում:
Միաժամանակ շեշտադրվել է Հայաստանի տնտեսության ինովացիոն զարգացման խնդիրը' կարևորելո վ գիտություն-տնտեսություն կապի կայացումը: Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու վերաբերյալ պատկերացումները:
Քարեն Հիլլիարդը ողջունել է էկոնոմիկայի նախարարի կողմից հնչեցրած առաջնահերթությունները և պատրաստակամություն հայտնել խորացնելու դրանց ուղղությամբ հետագա համագործակցությունը: