2018-ը սարերի հետևում չէ, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները քիչ ժամանակ ունեն իշխանական բուրգում վերադասավորումներ կատարելու, այդ վերադասավորումների արդյունքում ստեղծված պատկերը «շարժական» դարձնելու համար: Թիվ մեկ ներքաղաքական հարցն այսօր, թերևս, այն է, թե Սերժ Սարգսյանն իր հետագա գործունեության համար ինչպիսի ֆորմատ կընտրի, քանի որ ակնհայտ է՝ նա չի պատրաստվում 2018-ից հետո պասիվանալ ու շարունակելու է վճռական դերակատարում ունենալ երկրի կյանքում: Ու թեպետ շարունակաբար խոսվում էր այն մասին, որ Կարեն Կարապետյանը հավերժ չէ վարչապետի պաշտոնում, ու Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես հասնելու է նրա՝ վարչապետի պաշտոնից հեռացմանը, քանի որ նպատակադրվել է անձամբ 2018-ից ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, սակայն դատելով ամենայնից՝ Կարապետյանը 2018-ից հետո ևս կշարունակի պաշտոնավարել իր ներկաիս պաշտոնում. Մոսկվան այս հարցում վճռակամորեն է տրամադրված:


Երբ տարիներ առաջ Հայաստանբում ստեղծվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, քչերը պատկերացում ունեին այն մասին, թե ինչ էր իրականում իրենից ներկայացնելու այն: Շատերն այն ժամանակ սույն պաշտոնի ստեղծումը պայմանավորեցին բացառապես ներքաղաքական իրողություններով, ինչը, պետք է նկատել, այնքան էլ սխալ նկատառում չէր: Ու չնայած ԱԱԽ քարտուղարի պաշտոնը իր ազդեցիկությամբ 4-րդն էր համարվում, սակայն այն, ըստ էության, երկրի նախագահին ենթակա կառույց էր,որ կոչված էր համակարգելու ուժային կառույցների գործունեությունը:

 

Նոր Սահմանադրությամբ, սակայն, ԱԱԽ կառույցը շատ ավելի ազդեցիկ դերակատարում է ունենալու Հայաստանում, ինչը, բնականաբար, էապես բարձրացնելու է սույն կառույցի ղեկավարի դերակատարությունը երկրի կառավարման համակարգում. այն ըստ էության դառնալու է երկրում ընթացող խոքրային, հաճախ չերևացող գործընթացների վրա լիակատար վերահսկողություն ունենալու անզուգական ու իրական գործիք. ԱԱԽ քարտուղարը, կարելի է ասել, դառնալու է ինչ-որ իմաստով երկրի սվերային կառավարիչը:


Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ չի բացառվում,իսկ ավելի ճիշտ՝ ամենայն հավանականությամբ ԱԱԽ քարտուղար է դառնալու Սերժ Սարգսյանը: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, իհարկե, այնքան էլ հեշտ չէ ասել, քանի որ ապագան գուշակելը մի փոքր անշնորհակալ գործ է, սակայն այն, որ նախագահի կողմից հստակ միտում է նկատվում՝ անձամբ վերահսկելու երկրի ուժային կառույցները,ակնհայտ է: Իսկ նման միտումը նշանակում է, որ Սարգսյանի՝ ԱԱԽ քարտուղար դառնալու մասին լուրերը կարող են ոչ միայն զուրկ չլինել հիմքերից, այլև համապատասխանել նախագահի՝ սեփական մտքում ունեցած ապագայի սցենարին:

 

Իրականում այս տարբերակն ամենևին էլ չի կարող հակասել Սերժ Սարգսյանի նպատակներին. նախ՝ ոլորտը չափից դուրս հոգեհարազատ է նրան, քանի որ երկար տարիներ երկրի նախագահը գլխավորել է կարևորագույն ուժային կառույցները, երկրորդ՝ այն չափազանց նպատակահարմար է քաղաքական տեսանկյունից: Խուսափելով Մոսկվայի հետ վիաճաբանելուց՝ կապված Կարապետյանի հետ, Սարգսյանն իրականում մեկ կրակոցով երկու նապաստակ է որսում. Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կնքած իրավահավասար կոալիցիայի միջոցով կատարելապես վերահսկում է Կարեն Կարապետյանին՝ նրա ոտքերի տակ հողը «մշտավառ» պահելով, երկրորդ՝ ոչ միայն չի հեռանում մեծ քաղաքականությունից, այլև, ըստ էության, նոր Սահմանադրության պայմաններում պահպանում է ներկայիս հնարավորությունները՝ վերհսկողություն ունենալու ռազմաքաղաքական պրոցեսների վրա:


Համաձայնե՛ք՝ իրավիճակի կատարյալ հանգուցալուծում…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ