ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա: Նախագահ Սարգսյանին Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում դիմավորեց Կատարի Պետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Շեյխ Ահմադ բին Ջասիմ Ալ Թանին: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, այլ պաշտոնատար անձինք:
Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: Վերջին անգամ ՀՀ Նախագահը պաշտոնական այցով եղել է Կատարի Պետությունում 2002թ-ին: