Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների նախաձեռնությամբ և նրանց անմիջական մասնակցությամբ իմ և իմ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն: Բռնությամբ հասցված մարմնական վնասվածքների պատճառով ես և Լիլիթ Դրամփյանը դիմել ենք բժշկական օգնություն ստանալու համար «Շտապ օգնություն» և «Արմենիա» բժշկական հիմնարկներ: Վերը նշված ծառայությունները արձանագրել են մեզ պատճառված մարմնական վնասվածքները ու դրանք ստանալու հանգամանքները, և այդ տեղեկատվությունը, համաձայն սահմանված կարգի, փոխանցել են համապատասխան իրավապահ մարմնին:
Բացի վերը նշվածից՝ ԶԼՄ-ները նույնպես հրապարակել են մեր նկատմամբ կատարված բռնությունը: Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա:
Ակնհայտ արտառոց դեպք է, երբ ուղեղի ցնցում ախտորոշմամբ մարդուն տեղափոխում են հիվանդանոց, և այդ մասին տեղեկացված իրավապահ մարմինը միջոցներ չի ձեռնարկում՝ իրականացնելու իր պարտականությունները' անցկացնելու հետաքննություն:
Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Եթե առկա է նման փաստի վերաբերյալ հայտարարություն, պետության պարտականությունն է' ի դեմս իրավապահ մարմնի կատարել համապատասխան հետաքննություն՝ օգտագործելով բավարար միջոցներ վերացնելու իրավունքի խախտումը:
Հայաստանի Հանրապետությունում անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՝ խտրականությունն արգելվում է:
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
ՀՀ ԱԺ պատգամավոր
Երևանի քաղաքապետի թեկնածու