Երբ որոշվում էր նախարարությունների անվանումները փոխել այնպես, որպեսզի դրանք առավելագույն կերպով արտահայտեին իրենց գործառույթները, հնչում էին քննադատություններ, թե այս կամ այն նախարարության անվանման փոփոխությունը չէ, որ հանգեցնելու է դրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դատելով ամենայնից՝ կարող ենք այժմ ասել, որ քննադատողները բնավ չէին սխալվում:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» անվամբ մի պետական գերատեսչություն է ՀՀ Կառավարության կազմում գործում, որի ղեկավարն էլ Կարեն Կարապետյանի կադրի համբավ վայելող Սուրեն Կարայանն է: Եթե վերոհիշյալ տրամաբանությամբ փորձենք հասկանալ, թե որն է Հայաստանում Կարայանի բանուգործի անունը, պետք է եզրակացնենք, որ երկրի տնտեսության զարգացումն ու ներդրումների հոսք ապահովելն է: Հրաշալի է: Հարց է առաջանում, սակայն, որքա՞ն էֆեկտիվ է Կարայանն աշխատում իր այդ պաշտոնում կամ նրա ղեկավարման երկարուձիգ ամիսների ընթացքում քանի՞ ներդրող է «կոտրել Հայաստանի դուռը», որքանո՞վ է աճել ՀՀ տնտեսությունն՝ առհասարակ: Պատասխանն առավել քան ակնհայտ է. առաջընթացը գործնականում զրոյական է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ներդումների իմաստով: Իհարկե, միգուցե ոմանք կարող են նկարված թվերի միջոցով մեզ հակառակն ապացուցել, բայց, որ մեկ-երկու դեպքը չի կարող մթնոլորտ ստեղծել, ակնհայտ է. Հայաստանը լճացած վիճակում է գտնվում:

Եվ ինչպես չլճանա, եթե նույնիսկ տեղական արտադրողին պաշտպանելուն ուղղված տարրական քայլեր չեն ձեռնարկվում: Բավական տևական ժամանակ է, ինչ թմկահարվում է ներմուծումը կրճատելու, տեղական արտադրողին խրախուսելու, օտար երկրներում արտադրված ապրանքները հայրենականով փոխարինելու մասին: Չնայած բեմադրված ողջ շոուին՝ այդպես էլ, սակայն, ոչ մի կոնկրետ քայլ՝ դրան միտված, այսօր չենք կարող նշմարել.տեղական արտադրողն այսօր նսեմացված վիճակում է գտնվում՝ չկարողանալով սեփական երկրում սեփական արտադրանքն իրացնել ու շահույթ ստանալ: Ու խնդիրը միայն տնտեսագիտական օրենքներից բխող օբյեկտիվ դժվարությունները չեն, այլ՝ միանգամայն սուբյեկտիվ: Հետևաբար՝ այսքանից հետո խոսել տնտեսական ինչ-որ զարգացման, Հայաստանում կատարվող ներդրումների մասին ուղղակի ծիծաղելի է, քանի որ՝ որքան էլ ոմանք սիրեն ինքնաներշնչանքով զբաղվել, սակայն պետական պարտքը 6 մլրդ դոլարի հասցնելը չի կարող դիտարկվել որպես տնեսական զարգացում. վերջին մի քանի ամիսներին Հայաստանը հաջողացրել է ավելի քան կես մլրդ դոլարով մեծացնել իր արտաքին պարտքի բեռը:

Հիմա հարց է առաջանում՝ կարո՞ղ է Սուրեն Կարայանը մեզ գոնե երկու օրինակ բերել, թե ինչպես են այս մի քանի ամիսներին գոնե որոշ ներմուծվող ապրանքատեսակներ հաջողությամբ փոխարինվել Հայաստանում արտադրվածներով: Եվ թո՛ղ չասեն, թե այստեղ չկան միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք տվողներ, կամ հայկականը մրցունակ չէ: Շատ էլ լավ կան. միայն հայկական լվացող ու մաքրող միջոցների առատությունը բավարար է, որպեսզի գոնե այս շուկայում հայ արտադրողը պատշաճ կերպով ներկայացված լիներ ու նույնիսկ մարտահրավեր նետեր, ասենք, նույն պարսկական կամ թուրքական արտադրողներին: Իսկ լծակներ՝ փակելու հայկական արտադրանքի ճանապարհը, որքան ասես՝ կան. սկսած մանրածախ շուկայում պատշաճորեն ներկայացված չլինելուց, վերջացրած պետական գնումների համակարգի կողմից լիակատար անտեսվածություն: Այդպես էլ չսովորեցինք սպառել մերը, աջակցել տեղական արտադրողին: Արդյունքում՝ դարձել ենք թուրքական ապրանքների երկրորդային շուկա ու հետո էլ խոսում ենք ներդրումներ ներգրավելու, տնտեսական զարգացում ապահովելու մասին: Եվ ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումներ լինեն, եթե այստեղ տեղական արտադրանք սպառելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է դառնում...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ