ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լաչինի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին Երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի' պատմական Բերձորի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ:

 

Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը' Արցախը Մայր Հայրենիքի հետ կապող միջանցքը, որ իրավամբ կոչվեց կյանքի ճանապարհ:
Բերձորի ազատագրմամբ կյանքի կոչվեց հայ ժողովրդի երկու հատվածների երազանքը, իրականություն դարձավ բաղձալի միացումը, որն ազգային ազատագրական նոր պայքարի կարգախոսն էր ու հայության արյան կանչը:

 

Հայաստանն ու Արցախը միացան: Հայ կամավորականները, երկրապահներն իրականացրին հայ ժողովրդի երազանքներից մեկը: Այդ երազանքի իրականացման համար բազում խիզախ հայորդիք նահատակվեցին:
Փա´ռք Հայաստանի ու Արցախի անկախության և ազատագրման համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին' Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

Բերձորի միջնակարգ դպրոցն անվանակակոչված է «Մալաթիա» երկրապահ կամավորական ջոկատի հիմադիր, հրամատար, ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ Վահան Զատիկյանի անունով: Դպրոցամերձ հատվածում էլ հպարտորեն կանգնած է Վահան Զատիկյանի կիսանդրին, իսկ դպրոցում նոր վահաններ են դաստիարակվում' հայրենասերների նոր սերունդ: Բերձորում Երկրապահը հուշարձանների պուրակ է հիմնել, ուր կան թե՛ հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, թե՛ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձաններ, նաեւ՝ Ջուղայի խաչքարի կրկնօրինակներից:

 

Փա´ռք նաև բոլոր նրանց, ովքեր այսօր ապրում են ազատագրված հայրենիքում, շենացնում են այն ու դրանով իրականություն դարձնում մեր ու մեր զոհված մարտական ընկերների երազանքը:

 

Հարգելի´ բերձորցիներ,

 

Արցախի սիրելի´ ժողովուրդ.

 

Անցած 20-25 տարում, մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հայությունը գոյատեւել է միայն Արցախի, Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի միասնությամբ եւ մեր բոլոր խնդիրները լուծվելու են միասնական ջանքերով: Մենք բոլորս'Երևանում, Ստեփանակերտում, Էջմիածնում, Տավուշում թե Բերձորում երկրապահ ենք, ու շենացնելու ենք մեր ազատագրված հայրենիքը, մենք հզորացնում ենք Երևանը,Ստեփանակերտը, հզորացնում ենք աշխարհասփյուռ հայությանը:

 

Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա Հայաստանի ու Արցախի շունչը:
Եվս անգամ երկրապահի օրվա , մայիսյան բոլոր տոների և Բերձորի ազատագրման օրվա առթիվ շնորհավորում եմ ողջ հայությանն ու մաղթում խաղաղություն:

 

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,

Զորավար Մանվել Գրիգորյան