Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն:

 

Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել ամեն տեսակի մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերի իրականացմանը:
Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:


Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում:


Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում տոկունություն ինքնության պահպանման հարցում:

 

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նաեւ զոհեր ենք ունենում: Հարյուրից ավելի զոհ ունեցանք միայն այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին, երբ դավադիր թշնամին լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: Մենք կարողացանք պատժել ազերիների հանդգնությունը, սակայն, ցավալի զոհեր ունեցանք: Ես ներողություն եմ խնդրում այդ հերոս տղաների մայրերից: Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք եւ վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Նրանք երկնքից էլ հսկում են մեր, մեր զավակների անդորրը: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին:

 

Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ:


Առանձնահատուկ շնորհավորանքներս նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած՝ ընթանում է առաջ: Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք:

 

Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով եւ դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջեւ դրված խնդիրները' մենք շարունակեցինք նաեւ հուշագրերի ստորագրումը, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման: Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին, հատկապես՝ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցներին։


Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը' Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն, արեւշատություն:

 

Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն այսօր, այլեւ՝ առհավետ:

 

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:


2017 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնք կիրականանան, քանի որ մեր ազգը կգործի միասնությամբ։

 

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան