ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ Արցախի Անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ:

 

Այս տոնական օրվա առիթով ես ջերմորեն շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին, Արցախի իշխանություններին, անձամբ նախագահ Բակո Սահակյանին, շնորհավորում եմ պաշտպանության բանակին' շարքայինից մինչև պաշտպանության նախարար: Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, քաջարի արցախցիներին: Ես հպարտանում եմ ձեզանով, հարգարժա´ն արցախցիներ: Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր արցախցիներին և առհասարակ' աշխարհասփյուռ հայ ազգին: Հատուկ շնորհավորանքներս մեր նահատակ ընկերներին և հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին:

 

Հետաքրքիր մի զուգադիպությամբ Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին' մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991-ի այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը միասնականորեն «Այո՛» ասաց անկախությանը: 2006-ի այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց:

 

Արցախցին ոչ միայն ձևական քվեարկություններ է կազմակերպել, այլև հետևողականորեն ապացուցել է աշխարհին, մարդկությանը, որ կարող է օրինակելի պետություն ստեղծել: Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշերը, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները: Արցախն այսօր առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը: Արցախում այսօր առավել պաշտպանված ու հարգված են մարդու հիմնական իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Արցախն, այսինքն, փաստարկված կերպով, ապացուցել է, որ ինքը չի կարող լինել ֆեոդալական Ադրբեջանի կազմում:

 

Շնորհավորելով Արցախի պետությանն ու ժողովրդին' հավաստիացնում եմ Արցախյան պատերազմի բոլոր վետերանների անունից, երեք սերունդների երկրապահների անունից, որ անհրաժեշտության պահին միասնաբար պատրաստ ենք կանգնել պատերազմական առաջնագծում, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդին և հայկական Արցախ պետությունը:

 

Զուգահեռաբար շնորհավորելով բոլորին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ' մաղթում եմ, որ բոլորս հարգենք մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները: Հիշենք, որ մեր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները: Այսինքն' մենք ազատ ենք անելու ամեն ինչ, բացի այլոց իրավունքները ոտնահարելուց: Համայն մարդկությունը պետք է համախմբվի, որպեսզի միասնաբար պայքարի ահաբեկչության դրսևորումների դեմ, ինչպիսին է նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Հայ ազգը պատրաստ է ներդրում ունենալ հանուն ողջ աշխարհում մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության պայքարում»: