ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը' Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր.
ՀՀ Երկրապահ Կամավորականների միության, եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում առողջություն և երջանկություն:
Մենք՝ երկրապահներս, գնահատում և արժևորում ենք հայ կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլև պետության կայացման ու հզորացման գորձում:
Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, այս պատճառով էլ Մայրության և գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ հղում մեզ պարտադրված պատերազմում զոհված հերոս մարտիկների հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Դուք Արցախյան պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է և անում է ամեն ինչ հայրենիքի ու հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու համար:
Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի հենարան:
Շնորհավորում ենք նաև բոլոր այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսիններն այսօր հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու մեր ժողովրդի անդորրը:
Մեր շնորհավորանքներն ենք հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են, որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային բանակի լավ զինվոր:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Ձեզ՝ «Պատանի երկրապահ» կառույցի սան հայուհիներ, մենք հպարտանում ենք ձեզանով:
Եվս մեկ անգամ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իմ և եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ հայոց բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն»: