Ցավոք, ստիպված ենք ամրագրել այն անհերքելի իրողությունը, որ մեզանում երկրի գլխավոր օրենսդիր մարմինը երբեք ու ոչ մի պարագայում հանրության կողմից որպես հանրային շահերի արտահայտող պետական մարմին չի դիտարկվել: Հարց կարող է ծագել՝ ինչո՞վ է խոշոր հաշվով տաբերվում 6-րդ գումարման Ազգային ժողովն ասենք իր նախորդից, կամ որքանով է այն իր ներկա կազմով համապատասխանում խորհդարանի մասին ընդունված պատկերացումներին: Ճիշտ է՝ միգուցե ներկա փուլում այս մարմինն առավելապես դիտարկվում, կարևորվում կամ արժևորվում է քաղաքական առումով, քանի որ լուծում է իշխանությունների համար չափազանց կարևոր խնդիր, սակայն պետք չէ մոռանալ, որ կառույցի թիվ մեկ շահառուն իրականում ոչ թե այս կամ այն կուսակցությունն է, քաղաքական ուժը կամ գործիչն, այլ նախևառաջ հասարակությունն ինքը, ու այս իմաստով բարձրացված հարցը միանգամայն տեղին է:
Իսկ որպեսզի կարողանանք հստակ ու ճշգրիտ պատասխան գտնել այս հարցին, պետք է նախ հասկանանք, թե ովքեր են մեր երեսփոխանները կամ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն ինչ են իրենցից ներկայացնում: Նախ՝ ակնհայտ է, որ պատգամավորների մի մեծ հատվածի համար, որի ներկայացուցիչներից մեկն էլ ասենք Արկադի Համբարձումյանն է, պատգամավորական գործունեությունը ոչ մի աղերսներ չունի օրինաստեղծ աշխատանքի հետ: Այսպես`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե կա որևէ խնդիր, որը հուզում է իրեն և արդյոք դրա վերաբերյալ նախաձեռնություն հանդես կբերի ԱԺ-ում, Համբարձումյանը պատասխանել էր բառացիորեն հետևյալը. «Իմ տարածքի մասին պետք է բերեմ»: Իսկ հարցմանն էլ թե արդյոք իրեն պասիվ պատգամավոր չի կարծում, Համբարձումյանը ասել էր, թե ինքը պասիվ չէ, ու թող չասեն այդ բառը, ինքն իրական գործ անող, տարածքում աշխատող պատգամավոր է:
Առաջին հայացքից «անշառ» թվացող այս խոսքերն իրականում մի ողջ փիլիսոփայություն են արտահայտում: Ո՞րն է դա: Այդ փիլիսոփայությունը պատկերավոր ասած` թաղապետի փիլիսոփայությունն է, երբ որպես ԱԺ-ում լավ աշխատանքի վառ ապացույց պատգամավորը համարում է ասենք ասֆալտապատումը կամ մի քանի ուսանողի կրթության վճարը սեփական միջոցներով փակելը: Անկասկած, նման կերպ մտածողները ԱԺ-ում շատ են, ու հիմնականում ռեյտինգային ընտրակարգով անցածներն են նման հայացքների կրողները, ինչն իրականում վկայում է մի շատ տխուր իրողության մասին. ԱԺ-ում մարդիկ են, ովքեր պատգամավորի աշխատանքը չեն տարբերում անգամ համատիրության նախագահի աշխատանքից: Ի գիտություն Համբարձումյանի հայացքները կիսողների ասենք, որ «ասֆալտ փռելը» դեռ չի նշանակում արդյունավետ խորհրդարանական գործունեություն ծավալել, ու եթե դու քո կյանքում անգամ մեկ անգամ հանդես չես եկել օրենսդրական առաջարկով կամ գոնե չես մասնակցել քննարկումներին, ելույթներ չես ունեցել, որպես պատգամավոր պատշաճ կերպով չես ինքնադրսևորվել, ապա քո տեղը ոչ թե ԱԺ պատերից ներս է, այլ ասենք համայնքապետարաններում կամ թաղապետարաններում:
Այնպես որ` դատելով ամենայնից` արդեն իսկ կարող ենք ֆիքսել, որ 6-րդ գումարման ԱԺ-ն գործնականում ոչնչով չի տարբերվելու իր նախորդից, ու ինչպես որ նախորդն էր ձևական, այս մեկը ևս ձևական է լինելու`չնայած խորհրադարանական պետություն ենք, չնայած սահմանադրորեն այս ԱԺ-ի լիազորություններն անհամեմատ մեծ են իր նախորդից:
Իսկ այս ամենի իրական պատճառն այն է, որ հասարակությունը վաղուց կղզիացած վիճակում է գտնվում, օտարված քաղաքական գործընթացներից ու ոչ մեկի կողմից որպես գործոն այն չի դիտարկվում: Հակառակ պարագայում կունենայինք ոչ թե ասֆալտ փռողների կամ սնափառությամբ տառապողների խորհրդարան,այլ` քաղաքականությանը գոնե որոշակիորեն մոտ գործիչների, ովքեր կիմանային` ինչու են ԱԺ-ում, ինչ առաքելություն են իրականացնում, որն է իրենց բանուգործի անունը: Ավա՜ղ…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ