Հեղինակավոր New York Times պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը կրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի Մխիթարյանը Հայաստանը միշտ բերում է իր հետ» խորագրիը:
Մխիթարյանը նշել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում հոլանդական «Այաքս»-ի դեմ խաղում հաղթանակը ոչ միայն մեդալ կբերի իրեն, այլև հնարավորություն կտա մյուսներին «պարզելու, թե ինչ է Հայաստանը և որտեղ է այն գտնվում»: Այս մասին գրում է պարբերականը:
«Ուր էլ հայերը գնան, նրանք իրենց շուրջ ստեղծում են նոր Հայաստան»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի Մխիթարյանի ասած խոսքերն է մեջ բերում պարբերականը՝ ընդգծելով, որ նույնն էլ արել է ֆուտբոլիստը՝ Մանչեսթերում: Մխիթարյանը պատմել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը:
New York Times-ը գրում է, որ Մխիթարյանը դարձել է քաղաքում գործող հայկական պանդոկի մշտական հաճախորդներից: Թեպետ պանդոկը գործում է 1968 թվականից, սակայն պապարացիների ուշադրության կենտրոնում հյատնվել է միայն այն բանից հետո, երբ Մխիթարյանը սկսել է շաբաթական մեկ անգամ այցելել այնտեղ: «Մանչեսթերում նոր Հայաստանը քաղաքի կենտրոնում է: Ինձ շատ մոտ»,- մեջբերում է Մխիթարյանի խոսքերը լրատվամիջոցը:
New York Times-ը գրում է, որ ֆուտբոլիստը վերջին անգամ այցելել է կինոթատրոն՝ դիտելու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:
«Դիտելով ֆիլմը, ես մի կողմից տխուր էի, սակայն մյուս կողմից էլ հպարտ»,- նշել է Մխիթարյանը:
«Նա հպարտ է, որ անգամ եթե ամենահայտնի հայը չէ՝ պատիվ, որն ինքն էլ ընդունում է՝ բաժին է ընկել Քիմ Քարդաշյանին, սակայն առնվազն՝ համաշխարհային բեմում իր հայրենիքի դրոշակակիրն է»,- գրում է New York Times-ը:
Հոդվածագիրը պատմում է, թե ինչպես իր կարիերայի սկզբում Մխիթարյանը մշտապես խաղերից երեք օր առաջ անջատում էր հեռախոսը, որպեսզի կենտրոնանա խաղի վրա: «Հետ նայելով՝ 28-ամյա խաղացողն այժմ ընդունում է, որ նման ինտենսիվությունն անառողջ էր. նա հաճախ խաղերից հետո օրեր շարունակ լինում էր տխուր՝ մտածելով թույլ տված ամեն սխալի մասին, մեղադրելով իրեն՝ կրած ամեն պարտության համար: Այժմ նա համոզվել է, որ այդ ամենն անարդյունավետ էր, քանի որ իր «մկաններն ամեն պահի լարված էին»: Սակայն անգամ հիմա նրա համար դժվար է այդ ամենին թեթև նայելը, այս հարցում նա մեծ ջանքեր է գործադրում»,- հայտնում է New York Times-ը:
Մխիթարյանը պարբերաբար ընթրում է Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի հետ, հաճախում է կինոթատրոն այնքան հաճախ, որքան թույլ է տալիս ժամանակը: Նա փորձում է ցրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա լավ կենտրոնանալ: Սակայն նա միայն մեկ բացառություն է անում. անկախ նրանից, թե որքան հոգնած կլինի այդ շաբաթ, 34 միլիոնանոց սուպեր աստղը մշտապես ժամեր է անցկացնում YouTube-ի մոտ՝ դիտելով Հայաստանի ֆուտբոլային ակումբների խաղերը:
«Նա դա չի անում հաճույքի համար. Հայաստանի բարձրագույն լիգայում կան ընդամենը վեց թիմեր, որոնց խաղերը, նա ընդունում է, որ կրկնվող են: Նա մասամբ դա անում է՝ ի նշան հավատարմության «Փյունիկ»-ի՝ այն թիմի, որտեղ առաջին անգամ կերտել է իր անունը, ինչպես նաև իր ընկերների, ովքեր շարունակում են խաղալ: Սակայն գլխավորապես նա դա անում է, քանի որ անկախ նրանից, թե որտեղ է նա կամ ով է դարձել, Մխիթարյանի մի մասը մշտապես Հայաստանում է՝ տանը»,- գրված է հոդվածում: