Ամերիկյան հայտնի New York Times պարբերականը հրապարակել է հոդված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկերեսանիության և շատ հաճախ մատուցվող կեղծ կերպարի վերաբերյալ: Հոդվածը կրում է «Ադրբեջանի պարոն Ալիևի երկու երեսը» խորագիրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հեղինակները նշում են, որ Ալիևը շատ դեպքերում կարող է թվալ արևմտամետ' երևալով բարեկիրթ, լավ հագնված և անգլերենին լավ տիրապետող, պատրաստ երկրի նավթային պաշարները մատակարարել Եվրոպային և Իսրայելին, նրա իսլամը չափավոր է և ժամանակակից: Բացի այդ, այդ երկիրը հյուընկալում է այնպիսի ճոխ իրադարձություններ, ինչպիսիք են 2012-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթը և այս տարվա հունիսին կայանալիք Եվրոպական խաղերը: Սակայն նա միաժամանակ նաև շատ կոռումպացված է, և նրա ավտորիտար ռեժիմը ողջ աշխարհում մարդու իր ավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներն է գրանցել:
New York Times-ը հիշեցրել է դեկտեմբերին Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի վրա ոստիկանության հարձակումները, համակարգիչների, փաստաթղթերի առգրավումը, աշխատակիցների ձերբակալություններն ու հարցաքննումը: Դրանց նախորդել էր նույն ռադիոկայանի ադրբեջանցի աշխատակից, հայտնի հետաքննական լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալումը: Ալիևյան ռեժիմի քննադատներից մյուսը' Լեյլա Յունուսն, իր ամսունու' Արֆի հետ ևս ամիսներ շարունակ բանտարկված է:
Պարբերականը հիշեցրել է, որ Իլհամի հայրը' Հեյդար Ալիևը, «երկաթե ձեռքով» ղեկավարել է Ադրբեջանը 1969-ից մինչև 2003 թվականը, երբ մահացավ' լինելով նախ երկրի խորհրդային ղեկավարը, ապա նախագահը: Նրա որդին Ադրբեջանի նավթային հարստության օգնությամբ հաստատուն կերպով կառուցեց հոր անձի պաշտամունքը' հաղթելով երեք նախագահական կասկածելի ընտրություններում:
«Արևմուտքը պետք է հասկանա, որ ավտորիտար Իլհամ Ալիևն իրական պարոն Ալիևն է: Մինչ նա պայքար է սկսել' վերացնելու իր ընդդիմադիրներին և ազատության ցանկացած այլ դրսևորում, Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է ավելի հստակ հասկանան, որ չնայած ստիպված են գործ ունենալ Ալիևի հետ, որևէ պատկերացում չունեն, թե ինչ է նա իրականում ու ինչ ծանր վնաս է հասցնում իր երկրին»,- եզրափակել է հոդվածը New York Times-ը: