Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմնակիցները զգուշացնում են, որ արտասահմանից դրամաշնորհներ ստացող եւ ֆինանսավորվող կազնակերպությունները պատրաստվում են Բաքվում «արաբական գարնան» նման հեղափոխություն կատարել կամ էլ Ուկրաինայում եղածի նման փողոցային ցույցերով տապալել իշխանությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The New York Times թերթը' նշելով, որ Ադրբեջանի իշխանությունն անհանգստացած է հեղափոխությամբ:
Թերթը գրում է, որ շաբաթվա վերջին Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին 12 ժամով բերման են ենթարկել հարցաքննության: Թերթը հատուկ նշում է, որ ռադիոկայանի «Աշխատանքից հետո» ծրագրի հաղորդավար Քամրան Մահմուդովին ոստիկանները տանից բերման են ենթարկել գիշերանոցով եւ ոտաբոբիկ: Թերթը հայտնում է նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների անհեթեթ կերպով մեղադրում է Հայաստանի հետ համագործակցության մեջ:
Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննչական վարչությունը կիրակի առավոտյան հարցաքննության է տարել ռադիոկայանի բոլոր աշխատակիցներին, անգամ երկու հավաքարարներին: Հարցաքննությունից հետո Meydan TV-ին տված հարցազրույցում Քամրան Մահմուդովն ասել է, որ քննիչն իրեն հարցեր է ուղղել' կապված հասարակական կազմակերպությունների վերաբերյալ բացված քրեական գործի եւ «Ազատություն» ռադիոկայանի գործունեության հետ:
Ռադիոկայանի բոլոր աշխատակիցներն ազատ են արձակվել միայն քննության գաղտնիքը չբացահայտելու վերաբերյալ ստորագրություն տալուց հետո: Գլխավոր դատախազի առաջին տեղակալի որոշմամբ' ռադիոկայանի փաստաբան Յալչին Իմանովը հեռացվել է աշխատակիցների իրավունքների պաշտպանությունից: Փաստաբանը նշել է, որ «Ազատություն» ռ/կ-ում իրականացված խուզարկությունը որեւէ իրավաբանական կապ չունի հասարակական կազմակերպությունների դեմ բացված քրեական գործի հետ:
Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 27-ին ժամը ժամը 10:30-ին ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ եւ խուզարկություն անցկացրել:
Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները եւ Ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին: Դատախազության աշխատակիցները բռնագրավել են գրասենյակի համակարգիչները, բոլոր փաստաթղթերը եւ գույքը եւ կնքել գրասենյակի դուռը:
Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ ճնշումը դատապարտել են ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ-ը եւ Եվրոպայի Խորհուրդը: