Ամերիկյան հեղինակավոր « The New York Times» պարբերականը հունվարի 29-ին հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, իր նամակում ԼՂՀ ներկայացուցիչ ը նշում է, որ Ադրբեջանի դեսպանը թվում է թե կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը սևեռել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա, որը մնում է չլուծված Ադրբեջանի ռևանշիստական նկրտումների պատճառով։

 

«Ըստ երևույթին, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել իր երկրում ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից: Ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։

 

Ադրբեջանը պետք է դադարեցնի երկրում առկա թերություններն արդարացնելու նպատակով պատրվակների, այդ թվում ռազմական սադրանքների օգտագործումը։ Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում»,- ասվում է նամակում։

 

Ռոբերտ Ավետիսյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետություններում, այդ թվում հարևան Ադրբեջանում խաղաղության, բարեկեցության և ժողովրդավարության մեջ։