Ուկրաինան միակ վայրը չէ, որտեղ Ռուսաստանը խնդիրներ է առաջացնում: Այս մասին ամերիկյան «The New York Times» պարբերականում գրել է Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շաֆերը: Հոդվածը ներկայացնում ենք հատվածներով.


«1991թ.ին ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր, Մոսկվան պարբերաբար աջակցել է սահմանամերձ պետությունների «անջատողականներին»: Վերջին նման ջանքը գործադրվել է Հարավային Կովկասում:


Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվան սրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա երկարատև հակամարտությունը՝ հանդես գալով խաղարարի դերում: Օգոստոսի սկզբին 40 զոհ է գրանցվել սահմանային բախումների ժամանակ: Դա տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ:

 

Հարավային Կովկասը կարող է հեռավոր թվալ, բայց տարածաշրջանը սահմանակից է Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային և այնտեղով է անցնում կենսական նշանակության գազատար, որը բնական գազի հոսք է ապահովում Կենտրոնական Ասիայից Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Արևմտյան պաշտոնյաները չեն կարող Մոսկվային թույլ տալ կլանել տարածաշրջանի մյուս մասը, ինչպես դա եղավ, երբ Ռուսաստանը Հարավային Օսիան և Աբխազիան առանձնացրեց Վրաստանից: Այս տարի էլ «խլել է» Ղրիմն Ուկրաինայից:

 

Ռուսաստանը հակամարտությունը կենդանի պահելու ուղիներ է գտել: 1990-ականներին Հայաստանն ու Ադրբեջանը երեք անգամ խաղաղության համաձայնագիր են ստորագրել, սակայն Ռուսաստանը խոչընդոտել է Հայաստանի մասնակցությանը:

 

Չլուծված «սառեցված հակամարտությունը» ռուսական զորքերին թույլ է տալիս մուտք գործել տարածաշրջան և «սանձել» երկու կողմերին էլ: Ռուսական զորքերի առկայությամբ կողմերից ոչ մեկը չի կարող սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ առանց Մոսկվայից «հատուցում» ստանալու:

 

Վերջին բռնությունը նախորդել է Սոչիում՝ օգոստոսի 10-ին կայացած գագաթնաժողովին, որում Պուտինը ձգտում էր համաձայնագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև լրացուցիչ ռուսական «խաղաղապահների» տեղակայման համար: Հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց:

 

Վերսկսվելիք ռազմական գործողությունները Ռուսաստանին թույլ կտային ավելի շատ զորքեր ուղարկել խաղաղապահության անվան տակ: Հարավային Կովկասի ապակայունացումը կարող էր նաև խոչընդոտել գազամուղի նախագծի իրականացմանը, որը կարող է թեթևացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից:

 

Արձագանքելով ընթացիկ պայքարին՝ ամերիկյան պաշտոնյաները ողջունել են Ռուսաստանի կողմից հովանավորված գագաթնաժողովը: «Կովկասյան հակամարտությունը կանխելու համար և Պուտինի՝ նոր «հողազավթման» պատրվակը մերժելու համար Օբաման պետք է Հայաստանի ու Վրաստանի առաջնորդներին հրավիրի Վաշինգտոն և ցույց տա, որ «ԱՄՆ-ն չի լքել Հարավային Կովկասը»: Դա այդ երկրների առաջնորդներին թույլ կտա դիմակայել Ռուսաստանի ճնշումներին:

 

Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը կարծես թե լավ առիթ է աջակցության նման մի դրսևորման համար:

 

Սակայն դրանից բացի, ըստ աղբյուրի, Արևմուտքին հստակ ռազմավարություն է հարկավոր, որով կկանխվի Մոսկվայի կողմից սահմանային որևէ այլ շրջան զավթելը: Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը՝ որքան էլ հեռու, այնուամենայնիվ, Ռուսաստանի համար «իր կորուսյալ կայսրությունը վերստեղծելու հաջորդ ճակատն» է: Իսկ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի ինքնիշխանության կորուստը հերթական հարվածը կլինի նախկին ԽՍՀՄ-ի երկրների հետ դաշինքներ կազմելու հնարավորության առումով, հնարավորություն, որն արդեն իսկ նվազել է»:



Բրենդա Շաֆեր