Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ առաջիկա չորս շաբաթները կորոշեն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերջնական արդյունքը։ Այս արդյունքների երկարաժամկետ հետեւանքները կազդեն Եվրոպայի քարտեզի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ անանունության պայմանով։
«Եթե Ռուսաստանը կարողանա ներխուժել Արևելյան Ուկրաինա, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի լավ հնարավորություն կունենա ռուսներին ներկայացնելու իր «հատուկ ռազմական գործողությունը»՝ որպես սահմանափակ հաջողություն և պնդելու, որ նա պաշտպանել է ռուսամետ փոքրամասնությանը: Այդ դեպքում նա կկարողանար հրադադարի ձգտել, բայց միևնույն ժամանակ, համարձակություն կունենար օգտագործել Դոնբասը՝ որպես ճնշման լծակ ցանկացած բանակցություններում»,–գրում է թերթը։
Եթե ուկրաինացի զինվորականները կարողանան դադարեցնել Ռուսաստանի հարձակումը Դոնբասում, պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի նախագահը կկանգնի դժվար ընտրության առաջ՝ ավելի շատ մարտունակություն տրամադրել պատերազմին, որը կարող է տարիներ տևել, թե լրջորեն բանակցել իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
Առաջին տարբերակը կարող է նշանակել ամբողջական ազգային մոբիլիզացիա և քաղաքականապես ռիսկային է Կրեմլի ղեկավարի համար։
«Պենտագոնը կարծում է, որ ճիշտ սպառազինությամբ և պահպանելով բարձր բարոյականությունն ու մոտիվացիան, ուկրաինական ուժերը կարող են ոչ միայն կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը, այլև հետ մղել նրան»,- ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը։