Երեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին, անձեռնմխելիությունից զրկելու համար և թույլ տրվեց, որպեսզի նա ձերբակալվի խարդախության կասկածանքով, գրում է The New York Times պարբերականը՝ հղում անելով Reuters-ին։ 

 

Պարբերականը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հերքել է որևէ անօրինական գործողության մեջ իր ներգրավվածության մասին լուրերը և ասել է, որ կառավարության այդ քայլը քաղաքական դրդապատճառներ ունի: Ծառուկյանը քննության է ենթարկվել ազգային անվտանգության ծառայության կողմից քվե գնելու, խարդախության և հողերի ապօրինի յուրացման կասկածանքով: Անցյալ կիրակի նրա տունը խուզարկվել է, և ինքը՝ Ծառուկյանը, հարցաքննվել է: 

«Վերջերս Ծառուկյանը մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ տնտեսությունը խեղաթյուրելու և կորոնավիրուսային համաճարակի դեմ անարդյունավետ պայքար մղելու մեջ: Երեքշաբթի օրվա դրությամբ Հայաստանը՝ 3 միլիոն բնակչությամբ, գրանցել է 17 489 հաստատված կորոնավիրուսային հիվանդության և 293 մահվան դեպք։ Այն Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենատուժած երկիրն է: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կտուժի 2%֊ով այն բանից հետո, երբ նախապես կանխատեսում էր 4,9% աճ: 

Փաշինյանն ու իր կուսակցությունը իշխանության եկան երկու տարի առաջ՝ կոռուպցիայի դեմ խաղաղ հեղափոխությունից հետո: 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի կուսակցությունը 132 տեղերից զբաղեցրեց 26-ը: Կուսակցության անդամներից ոմանք միացան Փաշինյանի կաբինետին, բայց շուտով նրանք ազատվեցին աշխատանքից»,- նշում է NYT-ը: