Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որում, 46 տոկոս ձայներ հավաքելով, հաղթեց վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), կարող են խորացնել ԵՄ-ից այդ երկրի օտարման գործընթացը: Նման կարծիք է հայտնել The New York Times թերթը, Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին նվիրված հոդվածում:

 

«Անդրատլանտյան դաշինքի հարավ-արեւելյան թեւը պաշտպանելու համար անդամակցելով ՆԱՏՕ-ին, սառը պատերազմի ժամանակ Թուրքիան փորձել էր ամրապնդել իր հարաբերություններն արեւմտյան դաշնակիցների հետ: Այժմ եւս Սեւծովյան' Ղրիմի եւ Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ Թուրքիան խարիսխ է առաջարկում արեւմտյան ռազմավարներին Եվրամիությանն աջակից երկրներից հեռու Իրանի, Սիրիայի եւ Իրաքի սահմաններով ձգվող անհանգիստ տարածաշրջանում: Ընդամենը մեկ սերունդ առաջ էր, որ Անկարան ենթադրում էր, թե տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական դերի շնորհիվ կդառնա Եվրամիության բարգավաճ անդամ: Սակայն, Անկարայի ենթադրություններն ի չիք դարձան: Որքան էլ պարադոքսային հնչի, Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրությունները կարող են խորացնել ԵՄ-ից օտարման գործընթացը, եւ հարցեր բարձրացնել. արդյոք ԵՄ-ը պատրա՞ստ է իր կազմ ընդունել Թուրքիային, կամ արդյոք Էրդողանը ցանկանո՞ւմ եւ հետաքրքրվա՞ծ է դրա մեջ», -գրում է թերթը:

 

Ամերիկյան թերթը մեջբերել է նաեւ գերմանացի հայտնի քաղաքագետ Անդրեաս Շոյերի հետեւյալ դիտարկումը. «Պարզ է, որ Էրդողանի Թուրքիան Եվրոպային չի պատկանում: Մի երկիր, որտեղ կառավարությունը սպառնում է իր քննադատներին եւ ոտնահարում ժողովրդավարական արժեքները, չի կարող պատկանել Եվրոպային»: