«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի Մուշ թաղամասում տեղակայված գազալցակայաններից մեկում ծեծի է ենթարկել «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն:

 

Վերջինս ստացել է վնասվածք՝ աչքի շրջանում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Սպարտակ Ղուկասյանի գործով հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258 հոդվածով՝ խուլիգանության հատկանիշներով և տարվում է քննություն:

 

Հարցին՝ քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ  է արդյոք տուժող կողմը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Քննչական գործողությունների մասին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, միայն այն, որ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, որն էլ փոխանցվել է Քննչական կոմիտե»:

 

Հիշեցնենք, որ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, խոսելով որդու մասնակցությամբ կատարվածի մասին, նշել էր. «Բայց ախր միջադեպ եղե՞լ է, դատաբժշկի փորձաքննություն կա՞, ցուցմունք տվող կա՞»:

 

Փաստորեն՝ պատգամավորը կա՛մ տեղեկացված չի եղել, որ որդու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որն, ի դեպ, հարուցվում է փաստերի առկայության դեպքում, կա՛մ էլ փորձել է լուրջ հարցերին պատասխանել իրեն բնորոշ անլրջությամբ՝ փորձելով  թեման շրջանցել: 

 

Հավելենք նաև, որ գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որին պետք է ենթարկվի տուժող կողմը: