Մայիսի 22-ին Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի քննիչի կողմից որոշում է կայացվել մերժելու ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։
Սիմոն Բաբայանը հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով քրգործ հարուցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ, իբր վերջինս սուտ մատնություն է կատարել եւ իրենցից շորթում է փորձում կատարել։
Բանն այն է, որ Սիմոն Բաբայանի եւ նրա գործընկերների կողմից հարձակման ենթարկված Տիգրան Աթանեսյանը դեպքից հաջորդ օրը Facebook սոցցանցում գրառում էր կատարել «50 հազար դոլար առաջարկ)))))) մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք»:
Հենց այս գրառման մեջ էր Ս․Բաբայանը նշմարել շորթումն ու սուտ մատնությունը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Ս.Բաբայանի հաղորդումը որևէ աղերս չունի իրականության հետ, ամբողջությամբ սուտ է և մտացածին։
Ինչ վերաբերվում է շորթում կատարելուն Տիգրան Աթանեսյանը իր բացատրությամբ հայտնել է, որ հաղորդման հեղինակը պարզապես ծանոթ չէ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի դիսպոզիցիային։ Քննիչը իր որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի հանցակազմի հատկանիշները նշել է, որ արարքում ի սպառ բացակայում են շորթման հանցակազմի համար պարտադիր հատկանիշները։
Հոդվածի դիսպոզիցիայում սպառիչ կերպով թվարկված են սպառնալիքի տեսակները, իսկ որևէ մեկից գույք ստանալու ցանկության մասին ակնարկը, անգամ հոդվածի դիսպոզիցիայում սահմանված սպառնալիքներից մեկի առկայության դեպքում որևէ կերպ չի կարող քննարկվել, որպես շորթման հատկանիշ։