2013թ. հունվարի 24-ի «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2013թ. հունվար ամսին' չպարզված օրը' ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, զրուցել առաջին հարկում գտնվող ընդունարանի բուժքույր Մ.Գրիգորյանի հետ և հայտնել, որ ցանկանում է հանդիպել բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանի հետ: Ընդունարանի բաժնի վարիչ Հ.Սաիյանի ուղեկցությամբ Ր.Հովհաննիսյանը բարձրացել է 2-րդ հարկ, հանդիպել Ա.Ռոստոմյանին, այնուհետև' հեռացել բժշկական կենտրոնից:
Զննության է ենթարկվել «www.iditord.org» կայքում տեղադրված «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թուլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ» վերնագրով տեսաձայնագրությունը Զննությամբ պարզվել է, որ այն կայքում տեղադրվել է 24.01.2013թ.-ին' ժամը 00:52-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ր.Հովհաննիսյան, առանց որևէ խոչընդոտի, հանդիպել, զրուցել բժշկական կենտրոնի աշխատակցի և այլ քաղաքացիների հետ:
Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի խոչընդոտել կամ արգելել հանդիպել ընտրողների հետ: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել' հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am