Ազգային ժողովում այսօր մեկնարել են ճեպազրույցները. ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանում են լրագրողների հարցերին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ նախագահի 4-րդ թեկնածուի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին:
Ըստ Վարդանյանի՝ ՀՀԿ-ն առաջադրել է նախագահի շատ հետաքրքիր թեկնածուի, քանի որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով. «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե' թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել», - նշեց նա։
Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական հանդիպում կունենա մոտ ժամանակներս։
Լրագրողի դիտարկմանը՝ եթե Արմեն Սարգսյանը չընդունի Հանրապետականի առաջարկը, արդյոք կա՞ այլ թեկնածու, ում իրենք տեսնում են նախագահի պաշտոնում, Աղվան Վարդանյանը նշեց, որ անփոխարինելի մարդիկ չկան. «Անփոխարինելի մարդիկ չկան, Հայաստանում էլ կան նման մարդիկ: Պարզապես՝ Արմեն Սարգսյանը հայության ներկայացուցիչն է նաև սփյուռքի հանգամանքը հաշվի առնելով: Նա շատ լավ թեկնածու է»:
Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղարի՝ ցավալի է, որ լրատվամիջողներն ամեն ինչ անում են, որ մեր հասարակության մեջ մեր մտավորական, քաղաքական և այլ գործիչներին ներկայացնեն միայն ստվերոտ կողմով. «Մենք այսօր դժվարանում ենք տալ մեկի անունը, որը հասարակության 70-80 տոկոսի վստահությունն ունենա: Կարծում եք նման մարդիկ չկա՞ն: Իրականում նման մարդիկ կան»: