ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին:
Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում:
Ըստ նրա՝ իշխանությունը նախագահի թեկնածուի համար առաջադրել է մի մարդու, որը Սահմանադրությամբ սահմանված որակներին չի համապատասխանում. Սահմանադրությամբ անաչառ, ազգային շահերով առաջնորդվող մարդու մասին է խոսքը:
«Կարո՞ղ էինք մենք առաջադրել մեկին՝ օգտագործելու համար ամբիոնը. այո, կարող էինք: Բայց ես էլ եմ համոզված, որ պետք չէր դա անել, քանի որ դա բեմադրություն է, և չեմ կարծում, որ մենք պետք է այդ բեմադրության ժամանակ դեկորացիայի դեր խաղանք: Մենք պետք է մտնեինք մի պրոցեսի մեջ, որտեղ հաջողությունը չի երևում, ուղղակի հնարավոր չէ»,-ասաց Քոչարյանը:
Սակայն նա նշեց, որ ունի ուրիշ առաջարկ, որը հանրայնացրեց. «Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել և փորձել միավորել, մեր ազգային, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակն այս պահին Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ: Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնն իմ համոզմամբ»: