«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «ՀՀ Առողջապահության Նախարարության Ուսանողական պոլիկլինիկա») միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը կենտրոնացված կերպով իրականացնում է պետական, ինչպես նաև մի շարք պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երի ուսանողների բուժ-կանխարգելիչ, վերականգնողական սպասարկում՝ ուսանելու տարիների ընթացքում:

 

ՀՀ մարզիկների, ՀՀ-ում սովորող մեծաքանակ արտերկրացի ուսանողների նախնական և հետագա բուժսպասարկումը ևս իրականացնում է պոլիկլինիկան։ 

 

«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակիցներն ահազանգում են՝ կառավարությունը պոլիկլինիկան լուծարելու որոշում է կայացրել։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնեցին պոլիկլինիկայի անձնակազմի ներկայացուցիչները։

 

«Մենք հինգշաբթի օրն ենք իմացել, որ մեր պոլիկլինիկան լուծարում են, այլ ինֆորմացիայի չենք տիրապետում։ Նախարարությունից որևէ մեկը չի եկել, մեր աշխատակազմին չի տեղեկացրել, որ նման ծրագիր ունեն։ Հրավիրել են տնօրենին և հայտնել, որ լուծարման գործընթացը սկսված է։ 


Ցայտնոտի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ իրենց ծրագիրը։ Իրենք համարում են, որ ուսանողը տեղամասային պոլիկլինիկաներում է գրանցված և այնտեղ կարող է դիմել, բայց մարզերից ու արտերկրից եկած ուսանողները ու՞ր պետք է դիմեն կենտրոնացված կարգով։ Մեզ մոտ եկողները գիտեն՝ ինչ են ուզում, մենք էլ գիտենք՝ իրենք ինչ են ուզում»,- իրենց անհանգստությունն արտահայտեց բուժանձնակազմը։

 

Նրանց խոսքով՝ այսօր դրված է գործող, կարևորագույն ֆունկցիա ունեցող, շահույթով աշխատող բուժհաստատության լուծարման հարցը՝ պատճառաբանությամբ, թե այն կրկնօրինակ է, թեպետ այն ոչ թե կրկնօրինակ է, այլ միակն է ՀՀ-ում․ «Մենք միակն ենք հանրապետությունում, որը կենտրոնացված աշխատանք է կատարում։ Բոլոր հանրապետություններում էլ կան նման կենտրոնացված պոլիկլինիկաներ»։


Սակայն «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակազմի կարծիքով՝ լուծարման հիմնական պատճառը Պոլիկլինիկայի սեփական տարածքի բացակայությունն է․ «Խնդիրը հասունացել է 2008 թ.-ից, երբ Տերյան փողոցում գտնվող պոլիկլինիկայի շենքն օտարվեց և մինչ օրս տարածքում ոչ մի շինություն չկա։ Դրանից հետո մենք դարձանք քոչվոր, ի վերջո հաստատվեցինք Կոմիտաս 40/4 կլինիկական մասնաշենքում, որտեղ մեր գործառույթն իրականացնում ենք շուրջ չորս տարի։ Մենք ունենք 100-ից ավելի աշխատակից, և, փաստորեն, լուծարելու պարագայում նրանցից շատերը գործազուրկների շարքերն են համալրելու»։


«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակազմի պահանջն է՝ հարցը ևս մեկ անգամ վերանայել, քանի որ ոչ մի արձագանք և հիմնավորում չունեն․ «Այնքան բաց հարցեր են մնում։ Ենթադրենք՝ պոլիկլինիկան լուծարեցին և փոխարենը ԲՈւՀ-երում բուժկետերը իրականացրին հետազոտություն, բայց ո՞վ պետք է վերահսկի այդ աշխատանքը, ենթադրենք՝ բուժկետի բժիշկը որևէ խնդիր գտավ ուսանողի մոտ, ու՞ր պետք է ուղարկի, ի՞նչ պետք է անի, դրա մասին չեն մտածում»։


Նրանք հավելեցին՝ աշխատակազմի խմբի կողմից ընդունելություն են խնդրել Առողջապահության նախարարից․ «Այսօր երևի թե կհանդիպենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Մենք պարզապես արձագանք չունենք, թե ինչ է լինելու մեր աշխատակազմի հետագա ճակատագիրը՝ պարզ չէ»։


Սոնա Հարությունյան