«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «ՀՀ Առողջապահության Նախարարության Ուսանողական պոլիկլինիկա») աշխատակազմը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ պոլիկլինիկայի լուծարման հարցը հավանության է արժանացել կառավարության կողմից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակիցը նշեց, որ պոլիկլինիկայի լուծարումն աննպատակ է, թոզփչոցի, որպեսզի ցույց տան, թե վարչապետի հրամանը կատարում են և խնայողություն են անում:
«Ասում են՝ լուծարելով գումար կտնտեսեն, սակայն դա այդպես չէ, քանի որ միևնույն է ուսանողների համար պետք է վճարեն՝ որ պոլիկլինիկա էլ որ նրանք գնան:
Իրենք ներկայացնում են՝ եթե պոլիկլինիկան փակվի՝ 147 մլն տնտեսում են անում, բայց ինչպե՞ս են տնտեսում անում, ուսանողները հո չվերացա՞ն, նրանք պետք է սպասարկվեն տեղամասային պոլիկլինիկաների կողմից, որի դեպքում էլ անվճար չեն սպասարկվելու: Անունը դրել են, թե ով որտեղ ուզի՝ կարող է գնալ, բայց հիմնական ուղղությունը կլինի նախարարի պոլիկլինիկան՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնը»,- մտահոգություն հայտնեց բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ոչ միայն տնտեսում չի լինելու, այլև ընդհակառակը՝ աշխատանքն է տուժելու. «Ուսանողներն ընկնելու են անհարմար վիճակի և անտեղի քաշքշուկների մեջ: Ինչպե՞ս կարող է շրջանից եկած ուսանողին քաղաքում սպասարկեն անվճար, եթե նրա համար պետպատվեր չեն ստանում»:
«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ից տեղեկացրին նաև, որ թեև կառավարությունը պոլիկլինիկան լուծարելու վերաբերյալ իր հավանությունն է տվել, սակայն դեռ ոչ մի հրաման չկա և իրենք շարունակում են իրենց աշխատանքը, սպասարկում են ուսանողներին:
Նշենք, որ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը կենտրոնացված կերպով իրականացնում է պետական, ինչպես նաև մի շարք պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երի ուսանողների բուժ-կանխարգելիչ, վերականգնողական սպասարկում՝ ուսանելու տարիների ընթացքում:
ՀՀ մարզիկների, ՀՀ-ում սովորող մեծաքանակ արտերկրացի ուսանողների նախնական և հետագա բուժսպասարկումը ևս իրականացնում է պոլիկլինիկան։
Հիշեցնենք՝ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակաիցները բազմիցս են ահազանգել, որ կառավարությունը պոլիկլինիկան լուծարելու որոշում է կայացրել՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու: Նրանք նաև, որ աշխատանքային խմբի կողմից նրանք ընդունելություն էին խնդրել Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, սակայն այդպես էլ չէին կարողացել հանդիպել նրան:
Սոնա Հարությունյան