ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի հանգամանքները:
2017թ. մայիսի 20-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը «Facebook» սոցիալական ցանցի «Narine Arzumanyan» անհատական էջից սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ սպանության գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնելու հետ կապված։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով, որն այսօր ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ, եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։