ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 

 

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 26-ամյա երիտասարդն սպանվել է իրենց տնակում տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ։ Նախնական քննության տվյալներով՝ հոկտեմբերի 29-ին Ա.Ադանալյանի բնակության վայրում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին, ի թիվս այլ անձանց, մասնակցել է նաև Ա.Մարտիրոսյանը։ Ճաշկերույթի ժամանակ 26-ամյա երիտասարդը դիտողություն է արել հորը, ինչին միջամտել է Ա.Մարտիրոսյանը՝ երիտասարդին դիմելով «իկ» մասնիկով։ Առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Ա.Մարտիրոսյանը դանակի հարվածներ է հասցրել Արտյոմ Ադանալյանի կրծքավանդակի աջ կեսի կողմնային և առաջային մակերեսներին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

 

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ' Ա.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: