ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ. Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանողի: 18-ամյա երիտասարդի սպանության մասին ահազանգն ստացվել է 2017 թ. հունվարի 11-ին։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝ 1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսին կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված՝ 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսին ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է նույն շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել են շարժառիթը, մասնակիցների շրջանակը, ովքեր հանդիսանում են բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսպիսով՝ նախաքննության տվյալներով՝ ուսանողների միջև վիճաբանությունն առաջացել է «դոդիկ» արտահայտության պատճառով, որի շուրջ պարզաբանումներ տալու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ռ. Մարտիրոսյանին և Վ. Մուրադյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ նրա համակուրսեցին՝ Ռ.Մարտիրոսյանը, ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանող 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվելկալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: