Հայաստանը մի չափազանց բացառիկ յուրահատկությամբ է աչքի ընկնում. այստեղ ամեն բան այնքան խառն է, որ նույնիսկ ինչ-որ օրենք ընդունելը կարող է իսկական «խաթա» դառնալ հասարակ մարդկանց գլխին, ու փոխարենը ոլորտ կարգավորելու՝ առաջացնել խնդիրներ, որոնք կարող են հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդկանց շահեր ոտնահարել:
Բանից պարզվում է՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից միառժամանակ առաջ սահմանված արգելքը՝ խեցգետնի որսին վերաբերող, Սևանի ավազանի Նորատուսի հատվածում խեցգետին որսող և արտահանմամբ զբաղվող քաղաքացիների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, որ խեցգետնի արտահանմամբ զբաղվող ընկերություններն անտեղյակ են եղել Արծվիկ Մինասյանի հրամանի մասին։ Ու հիմա մարդիկ կանգնել են փաստի առաջ՝ չկարողանալով իրենց ապրանքն իրացնել, արտահանել Ռուսաստան. հրամանի արդյունքում արտահանումը ևս արգելվել է՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ։
Հիմա հարց է առաջանում՝ հնարավոր չէ՞ր արդյոք նախքան համապատասխան օրենքի ընդունումը, որի նպատակները, չենք կասկածում, միանգամայն բարի են, հաշվի առնել որոշ հանգամանքներ՝ դիցուք այն մարդկանց կենսական շահերը, որոնք իրենց խնդիրը լսելի դարձնելու նպատակով նույնիսկ ճանապարհ էին փակել: Եվ ինչի՞ մասին կարող է սա վկայել, եթե ոչ բացառիկ անպատասխանատվության. օրենքը պետք է ոչ թե խնդիրներ առաջացնի, այլ դրանք լուծի, իսկ մայիսի 15-ից սահմանված արգելքը, փաստորեն, մի շարք տնտեսվարողների կյանքը բարդացրել է՝ պետական բյուջեի համար այդ ամենից բխող խիստ անցանկալի հետևանքներով հանդերձ:
Տեսնես ի՞նչ է այս ամենի մասին մտածում անձամբ Արծվիկ Մինասյանը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ