ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում կախված վիճակում հայտնաբերված պայմանագրային զինծառայող, ենթասպա, 36-ամյա ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը Շիրակի մարզի Հառիճ համայնքից էր, սակայն ընտանիքով տեղափոխվել էր Էջմիածին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն ասաց՝ Մելիք Խաչատրյանը ծառայում էր խաղաղապահ զորքերում:

 

«Ամուսնացած էր, ուներ փոքր տղա: Վարձով ապրում էին Էջմիածնում: Ինքն աշխատում էր: Մայրը մահացած էր, հայրը ապրում էր փոքր տղայի հետ: Երկու եղբայրներով խաղաղապահ զորքերում էին ծառայում»,- ասաց գյուղապետը: 


Նրա խոսքով՝ գյուղում ոչինչ չգիտեն. «Միայն գիտենք, որ ինքն իրեն կախել է, բայց թե ինչի համար, ինչ  պայմաններում՝ պարզ չէ»:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Սոնա Հարությունյան