«Վերածնունդ» ավանի շահառուներն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի ստորագրահավաք են իրականացնում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուները փաստի առաջ են կանգնել, քանի որ օրերս տեղեկացել են, որ ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակում։ Ստացվում է` 1․5 տարի հերթագրված 1000 և ավելի շահառուների որոշ հատվածը դուրս է մնում ծրագրից ու զրկվում բնակարան ունենալու բաղձալի երազանքից միայն նրա համար, որ չի համապատասխանում փոփոխված, նոր չափորոշիչներին։

Թե որն է առաջացած խնդրի պատճառը և լուծման ինչ տարբերակներ կան` ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը փորձեց պարզել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար ևս անակնկալ է եղել «Վերածնունդ» ծրագրի վերաբերյալ որոշումը և դժվարացավ ասել՝ ինչն է եղել որոշման պատճառը և որքանով կա այն փոփոխելու հնարավորություն։

 

Նա նշեց, որ փոփոխված ծրագրով, պայմանները խստացվել են, և, բնականաբար, որոշակի անհարմարություններ են առաջացել․ «Փոփոխություններով պայմանավորված՝ մոտավորապես 35-42% շահառուի շահերը կարող են չհապատասխանել խստացված պայմաններին, խոսքը գնում է մոտավորապես 400 ընտանիքի մասին։ Լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ բանակցություններ  ենք իրականացնում։ Քննարկում ենք հնարավոր ձևաչափերը, 3-5 բանկ ներգարվելու և այդ ընտանիքների համար գոնե շահավետ վարկային պորտֆելներ ստանալու համար։ Հույս ունենք, որ կկարողանանք համատեղ ուժերով, որոշակի միջանկյալ պայմաններով՝ շահառուների համար վարկային պորտֆելներ ստանալ»,-նշեց Քարամյանը։

Թեև Քարամյանը դժվարացավ ասել՝ որոշումը որքանո՞վ փոփոխվելու շանս ունի, այնուամենայնիվ, վստահեցրեց՝ լուծումը կլինի այնպիսին, որ բավարարի մարդկանց։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով խնդրին, ասել էր․ «Վրդովվելու անհրաժեշտություն չկա. եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»։ Հնարավո՞ր է՝ Փաշինյանի հայտարարությունից հետո որևէ փոփոխություն լինի հարցին ի պատասխան՝ Քարամյանն ասաց․ «Եթե նման բան է ասել, երևի թե անպայմանորեն խորամուխ կլինի խնդրի էությանը։ Չնայած որ՝ վերաֆինանսավորումն իրականացնում է ԿԲ-ն ու հարցը կառավարության տիրույթում չէ, սակայն կառավարությունը կարող է առաջարկ ներկայացնել այլ լուծումներ գտնելու առումով»,- ասաց նա։


Արդյ՞ք այս որոշումը կապվա՞ծ է քաղաքական փոփոխությունների հետ, թե ոչ՝ հայտնի չէ, քանի որ, ըստ որոշ խոսակցությունների, սա արվում է միտումնավոր, քանի որ ի սկզբանե բնակարանաշինական ծրագիրը եղել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարը, ուստի, չի բացառվում, որ նրա հեռանալուց հետո այն այլևս կյանքի չի կոչվի։Դիտարկմանը՝ արդյոք Կենտրոնական բանկի հետ ստեղծված իրավիճակից դուրս գալու բանակցություններ եղե՞լ են, Քարամյանը պատասխանեց․ «Եթե ինչ-որ մեկը որոշում է կայացրել, էլ ի՞նչ քննարկենք իր հետ»։

Սակայն Քարամյանը վստահեցրեց, որ քաղաքական որևէ խնդիր չկա, փոփոխությունը գուցե պայմանավորված է ֆինանսատնտեսական որոշ խնդիրներով։

Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում (Դալմայի այգիներում) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով «Վերածնունդ» երիտասարդական ավանը, որտեղ վերանորոգված բնակարանի 1 քմ-ի արժեքը սահմանվել էր 296.000 ՀՀ դրամ, իսկ չվերանորոգվածինը՝ 276.000 ՀՀ դրամ։

Սոնա Հարությունյան