Գավառ քաղաքում նախկին ոստիկանի կատարած խարդախությունների պատճառով 130 մարդ զրկվում է բնակարանից։ ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Կատվալյան Ռազմիկը պատմեց, որ 2014 թվականի ապրիլի 16-ին Գավառի ոստիկանության ավագ լեյտենանտ Մալխասյան Արտուշն իր փեսայի՝ Սաֆարյան Սոսի հետ, խնդրել է բնակչին «լավության կարգով» իր անձնագրով մոտ 6 մլն դրամի ոսկի գրավադրել բանկում՝ խոստանալով պարտաճանաչ վճարումները կատարել։


Ռազմիկ Կատվալյանի խոսքով՝ նախկին ոստիկանն իր անունով «Ակբա Կրեդիտ Ագիկոլ» բանկում գրավադրած 6 միլիոն դրամի ոսկու դիմաց բանկից ստացել է 9 մլն դրամ։ 


Նման կերպով Գավառ քաղաքի մոտ 130 քաղաքացի հայտնվել են ոստիկանի և փեսայի ծուղակում։ Իրենց անձնագրերով ոսկին գրավադրել են՝ որից հետո վճարումները չկատարելով հայտնվել են դատարանում։ Բազմիցս դիմել են տարբեր իրավապահ մարմինների՝ ոստիկանություն, ՀՔԾ, սակայն ոչ մի արձագանք։ Միայն ոստիկանություն դիմելուց հետո, ներքին անվտանգության վարչությունում կատարված քննության արդյունքներով, տվյալ ոստիկանը հեռացվել է համակարգից, սակայն որևէ իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ 


Այս գործով արդեն 2 տարի ընթացող դատական նիստերի ընթացքում, դատարանը 20-30 մարդու մասով որոշումներ է կայացրել՝ բռնագանձել անշարժ գույքը՝ տվյալ դեպքում բնակարանը։

 

Գավառի բնակիչը տագնապած ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրի դատավոր Արթուր Թամրազյանը անկաշառ չէ, իրենց բնակարաններից զրկում է. «Արդեն 20-30 հոգու համար բռնագանձելու որոշում է կայացրել դատավորը։ Մենք չենք կարողանում ապացուցել, որ գրավադրած ոսկու գումարները մենք չենք վերցրել, ու այդ ոստիկանն իր փեսայի հետ մեզ խաբել «քցել» է։ Արտուշն էլ ասում է՝ փեսաս  էլ ինձ է «քցել», ես ի՞նչ անեմ։ Նա հարցաքննություների ժամանակ պարտավորագիր էր ստորագրել, որ պետք է վճարումները կատարի, բայց ինչպես տեսնում եք, մինչև այսօր ոչ մի վճարում չի եղել»,- նեղսրտած պատմեց բնակիչը։ 

 

 

Նա ասաց, որ իր միակ որդուն շուտով բանակ են տանելու, ինքը չգիտի՝ ինչ է անելու, եթե իրեն կիսակառույց տնից վտարեն։

 

«Ես իրենց ձեռը հաշմանդամ դարձա, էսքան ներվայնանալ, որ ես եմ ներվայնանում։ Տղաս էլ շուտով բանակ է գնալու, չգիտեմ՝ ինչ եմ անելու»։


Բնակիչներն օգնության կարիք ունեն, նրանք դիմում են պատկան մարմիններին, որպեսզի այս հարցն արդարացի լուծում ստանա։ Ռազմիկ Կատվալյանը հավելեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին։ 

 

Քրիստինա Աղալարյան