ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի օրենսդրական կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարար Արտեմ Ասատրյանն օրակարգը ներկայացնելիս նշեց, որ ներկայացված նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք գործող օրենքում լրացվել են և ճանաչվել են ուժը կորցրած. «Ըստ այդմ, նախագծի ներկայացված հիմնավորման մեջ վերլուծված չեն դեռևս 94 թվականին ընդունված և առ այսօր գործող բռնադատվածների մասին դրույթների կիրառման արդյունավետությունը, վիճակագրական տվյալները, թե քանի բռնադատված է օգտվել օրենքով ներկայացված արտոնություններից և կան արդյոք բռնադատվածներ, որոնք որևէ պատճառով չեն օգտվել»,-ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով' օրենքի հիման վրա ստեղվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է բռնադատվածերի կողմից ներկայացված դիմումներով' նրանց տրամադրելով համապատասխան տեղեկանքներ:
Նախարարը նշեց, որ այս ներկայացված նախագծում արտացոլված չեն նաև հանձնաժողովի ներկայացրած աշխատանքների արդյունքները և նախագծերի փաթեթի ընդունմանը հարկավոր է դեմ արտահայտվել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հարկավոր է ուսումնասիրել, դրա շուրջ պետք է հավաքվել ու քննարկում իրականացնել. «Ազգային ժողովի պատգամավորներին էլ հրավիրենք, քննարկենք, այս հարցին տանք գլոբալ լուծում»,-ասաց վարչապետ Աբրահամյանը' նշելով, որ Կառավարությունը հաստատում է ներկայաված նախագիծը, և մեկ ամիս տվեց քննարկումների արդյունքները ներկայացնելու համար: