Այս պահին Մաստարա գյուղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել, վերջիններս սպառնում են փակել ճանապարհը: Բանն այն է, այս գյուղի բնակիչների մեծ մասը՝ մոտ 500 տնտեսություն, անելանելիության առջև են կանգնել: World Vision կազմակերպոււթյունը գյուղացիներից երկու տարի շարունակ կաթ է ընդունել, սակայն արդեն դադարել է ընդունումը, ինչը հանգեցրել է գյուղացիների զայրույթին:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներից Սևակ Գևորգյանը նկարագրեց ստեղծված իրավիճակը. «Կաթը երկու տարի տարել ա, եկել հասել ա մայիսի վերջ, կաթ չեն ընդունում, կաթի փոշիով են սկսել աշխատել ու էլ գյուղացուց կաթ չեն ընդունում: Սա վիճակ չի, սաղ տարին տուկը երկու հազարով խոտ ենք առնում, նախարարը հայտարարում է՝ կանաչ ա ուտում, թե ասա՝ նախարար, արի տես՝ անասունն ինչ ա ուտում, նոր խոսի: Մեր կաթն անգամ հարյուր դրամով չեն տանում»:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ կաթ ընդունող կազմակերպությունը World Vision-ն է, որը Թալինում է գտնվում տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում և նպատակ ունի հասնելու կայուն համայնքահեն տնտեսական զարգացման:

 

Նշենք, որ այս պահին գյուղացիները չեն թույլ տալիս կազմակերպության մեքենան հեռանա ճանապարհից և սպասում են մարզպետի պատասխանին: Հարցը լուծում չստանալու դեպքում կայրեն մեքենան:

 

«Նախարարն ի՞նչ ա մտածում սրա մասին, մեր անասունները քշելու ենք, հասնենք հրապարակ: Ի՞նչ են ուզում մեզանից, կքոչենք կեթանք, սա ցեղասպանություն է, ջնջում Հայաստանից հանում են»,- ասաց պարոն Գևորգյանը: