Երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից ու Հայաստանի վարչապետ հռչակվեց Կարեն Կարապետյանը, խոսակցություններն այն մասին, որ սա Հովիկ Աբրահամյանի քաղաքական կարիերայի ավարտն է դառնալու, ակտիվացան: Պետք է խոստովանել, որ այդ խոսակցություններն ամենևին էլ անհիմն չէին թվում, մանավանդ, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերություններն այնպիսին էին, որ անհնար էր համարվում Աբրահամյանի հետագա  ներգրավվելը ակտիվ քաղաքական կյանքում: Ճիշտ է՝ ոչ ոք միամիտ չէր, որպեսզի կարծեր, թե Հովիկ Աբրահամյանը կարող էր առհասարակ հեռանալ քաղաքական ասպարեզից ու պարփակվել ինքն իր մեջ, սակայն այն, որ Աբրահամյանն այլևս «ձիու վրա» չէր լինելու, անկասկած էր:


Արդեն հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանն ընտանիքով հեռացել է Հայաստանից: «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանն, ով, ի դեպ, նույնպես առաջիկայում մտադիր է հեռանալ երկրից, հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ջոնիկ Աբրահամյանն ընտանիքի հետ արտագաղթել է ու այժմ գտնվում է Ռուսաստանում՝ զբաղվելու այնտեղ ձեռնարկատիրությամբ (թե ում փողերով, անկեղծ ասած, հայտնի չէ. ենթադրելի է՝ նախկին վարչապետի անմիջական աջակցությամբ): Ակնհայտ է, որ այս ամենը չի կարող սովորական զուգադիպություն  դիտարկվել, ու Աբրահամյանի հետ այս կամ այն կերպ կապ ունեցողների շրջանում արտագաղթի՝ հետզհետե  տարածվող «մոդան»  վկայում է շատ կոնկրետ բանի մասին. իրականում չի բացառվում, որ այս ամենի հետևում անձամբ Հովիկ Աբրահամյանը կանգնած լինի, ու միանգամայն հավանական է, որ հենց նա է հիմնական ոգեշնչողը:

 

Եթե այս ենթադրությունը ճիշտ է, եթե ճիշտ է այն, որ Աբրահամյանի հարազատների արտագաղթը լավ ծրագրված պլանի մի մասնիկ է, ապա անմիջապես մի շատ բնական հարց է առաջ գալիս՝ ի՞նչ պլաններ ունի Հովիկ Աբրահամյանն իրականում և արդյոք այս ամենն ինչ–որ կերպ չի՞ առնչվում նրա քաղաքական նպատակների հետ: Ինչ պլաններ էլ Հովիկ Աբրահամյանն ունենա, անվիճելի է, որ անձամբ արտագաղթելու պլաններ՝ նա չունի: Հետևաբար, չի բացառվում, որ ծայր առած արտագաղթի նպատակը մեկն է. Հովիկ Աբրահամյանը, իր բարեկամ-հարազատներին հեռացնելով Հայաստանից, պատրաստվում է վերջնական գրոհի. Աբրահամյանը վա բանկ է գնալու ու առանց  մարտի՝ քաղաքականությունից չի հեռանալու. 2018-ը սարերի հետևում չէ, իսկ դա մի շրջան է, երբ կրկին լրջագույն ներքաղաքական վերադասավորումներ ու խժդժդություններ են լինելու երկրում՝ հարմար առիթ Հովիկ Աբրահամյանի համար՝ սեփական քաղաքական ամբիցիաները լիովին կամ գոնե մասնակի բավարարելու համար. միգուցե պատահական չէ՞ր, որ միառժամանակ առաջ ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, թե Աբրահամյանը ԱԽ քարտուղարի պաշտոնի վրա աչք ունի: Ճիշտ է՝ հետո հերքվեցին այդ լուրերը, բայց դե հայտնի է, որ առանց կրակ՝ ծուխ չի կարող լինել. լուրերն այդ առնվազն վկայում էին Աբրահամյանի չմարող քաղաքական ամբիցիաների մասին:


Հարցը, թե  Հովիկ Աբրահամյանին, այնուամենայնիվ, կհաջողվի՞ ի վերջո կայուն տեղ զբաղեցնել հայաստանյան քաղաքական երկնակամարում, միգուցե առայժմ մշուշոտ է թվում, բայց որ ինչ-որ բաներ են խմորվում, ինչ-որ բան է կատարվում, անհերքելի է. «յա աջ, յա ձախ», երրորդ տարբերակը չի դիտարկվում...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ