Ճապոնիայի կառավարությունը հունիսի 6-ին որոշում է ընդունել ամուսնացած կանանց թույլ տալ ցանկության դեպքում իրենց անձնագրերում գրանցել նաեւ օրիորդական ազգանունները, ինչն այժմ թույլատրվում է միայն ծայրահեղ դեպքերում: Նոր համակարգը գործելու է հաջորդ ֆինանսական տարվանից, այն է՝ 2018 թվականի ապրիլի 1-ից:
Այդ մասին հայտնել են կանանց խնդիրներով զբաղվող հատուկ շտաբի նիստում, որը Տոկիոյում անցկացվել է վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ: Փոփոխությունը կվերաբերի արտասահման մեկնելու համար պահանջվող փաստաթղթերին, քանի որ երկրի ներսում անձնագրեր չեն օգտագործվում, իսկ անձը հաստատելու համար օգտագործում են վարորդական իրավունքները, բժշկական ապահովագրությունների քարտերը եւ այլն:
Ներկայում օրիորդական ազգանունը կարելի է անձնագրի մեջ լրացուցիչ գրանցել միայն մի դեպքում՝ եթե կինն ապացուցի, որ ինքն արտասահմանում հայտնի է հենց այդ անունով: Դրա համար հարկավոր է ներկայացնել հաստատում, օրինակ՝ գիտական աշխատություններ, լրագրային հոդվածներ եւ այլն: Դա անելը հեշտ չէ, եւ նման համակարգից օգտվում է արտասահման մեկնող կանանց 1 տոկոսից էլ պակաս մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: