Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանն առաջարկեց ներդնել Հորիզոնական մոնիթորինգի համակարգ, որը հարկային մարմնի և հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման նոր, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառված ձևաչափ է:
Ըստ Վարդան Հարությունյանի՝ այս համակարգի նպատակն է բարելավել հարկային միջավայրը, քանի համակարգի հիմնական առավելություններից է, որ հարկային մարմինը, առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևում է նրա գործունեությանը և օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես տեղեկացնում է այդ մասին:
Կարեն Կարապետյանը, կարևորելով գործընթացը, նշեց. «Մենք բիզնեսի հետ կնքում ենք պայմանագիր և ասում, որ այս ծառայությունը տրամադրում ենք անվճար, մշտադիտարկում ենք անում և երբ խնդիր ենք նկատում, զգուշացնում ենք: Եթե չենք զգուշացրել, ապա վերջինս պատասխանատվություն չի կրելու, եթե այն հետո հայտնաբերվի: Կանխարգելում ենք, իրեն հուշում ենք, որ կարող է սխալ ուղով գնալ: Չափազանց կարևոր գործընթաց է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել»:
Վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է ոլորտների քանակն ընդլայնել:
Սահմանվել է նաև հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը, մոնիթորինգի անցկացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման կարգը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.