Ադրբեջանը հունիսի 8-ի երեկոյան կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

 

Նա նշեց՝ գնդակոծությունների ժամանակ գնդակը մտել է բնակիչներից մեկի տուն, երեխան հրաշքով է փրկվել. «Տունը տուֆի քարերով է պատված, երկու տուֆի արանքով գնդակը եկել ու երկու տարեկան երեխայի օրորոցին է կպել»:


«Գնդակոծել են երեկոյան 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ անգամվա պես նորից ընդհատումներով կրակել են «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից և հրաձգային զենքերից: Փառք Աստծո, էական վնասներ չունենք: 1-2 նյութական վնաս ունենք՝ դարպաս, տանիք, իսկ գիշերվանից հետո խաղաղ է»,- ասաց համայնքապետը:

 

Նրա խոսքով՝ ինչպես յուրաքանչյուր նախորդ դեպքի պարագայում այս անգամ ևս հանձնաժողովը կազմել եւ մարզպետարան է ներկայացրել հասցված վնասի չափը:

 

Սոնա Հարությունյան