Ջազային երաժիշտ, թմբկահար, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
«1985 թվականից հինգ կամ վեց տարի Արմեն Թութունջյանի հետ աշխատել ենք Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում: Նա մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացման գործում: Մեծագույն արժեք է նրա ստեղծած ջազի հանրագիտարանը»,- նշեց երգիչ, դերասան, թմբկահար Արամոն:
Նրա խոսքով` Չիկոն ուներ բարձր ինտելեկտուալ մակարդակ, հումորի զգացում, հիանալի մանկավարժ էր, ընկեր, ընտանիքի հայր և իր գործի նվիրյալը: «Բազմաթիվ թմբկահարներ են թրծվել և լավ երաժիշտներ դարձել Թութունջյանի շնորհիվ: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ»,-եզրափակեց Արամոն:
«Կորցրեցի ընկերոջ, որի հետ 60-ական թվականներին ջազային շարժումն ենք սկսել Հայաստանում: Նա խմբի թմբկահարն էր, Արթուր Աբրահամյանը` կոնտրաբասը, իսկ ես դաշնակահարն էի: Խումբը բավականին երկար ապրեց և բազմաթիվ վայրերում հյուրախաղեր ունեցավ: Արմեն Թութունջյանը մինչև վերջ նվիրված էր ջազին և դրա ապացույցը նրա գրքերն են: Հուսամ, որ Չիկոյի «Ջազ»-ը նաև հայերեն կթարգմանվի»,-ասաց ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը և հավելեց, որ ինքը շատ է ցավում իր ընկերոջ կորստի համար:
Ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի նախաձեռնությամբ մի խումբ երաժիշտներ հունիսի 10-ին և 11-ին Արմեն Թութունջյանին հրաժեշտ կտան համերգային ծրագրով:
«Գուցե խենթ գաղափար է, սակայն մենք ցանկանում ենք նրան ճանապարհել այն երաժշտությամբ, որին Չիկոն նվիրել էր իր ողջ կյանքը: Նա դրական, հումորով, պարզ ու հիանալի մարդ էր, իր գործի ջատագովը և միայն իր գոյությամբ Թութունջյանը մեզ շատ բան էր տալիս»,-եզրափակեց Հայրապետյանը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքն առիթ է ունեցել 60-ական թվականներին նվագել Արմեն Թութունջյանի հետ:
«Հիանալի երաժիշտ էր: Եթե ասում էինք ջազմեն, մտածում էինք նրա և Լևոն Մալխասյանի մասին: Չիկոն իր գրքով, հաղորդումներով կրթեց երիտասարդներին, հնարավորություն տվեց նրանց ճանաչել և սիրել ջազը: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ»,-նշեց Սարգսյանը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին բազմաթիվ երաժիշտներ, դերասաններ, արվեստի այլ ոլոտների ներկայացուցիչներ, Արմեն Թութունջյանի հարազատները և այլք:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։
1986-1992 թվականները նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթին ճանաչվել է հաղթող։ 1992 թվականին նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է մինչ օրս: