Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է։ Հերոսի տարրական դասարանների դասղեկը՝ Գոհար Մկրտչյանը, դպրոցական առաջին իսկ օրերից տեսել է նրա դրական հատկությունները. Բագրատը պարտաճանաչ էր, աչքաբաց ու արդարամիտ։
«Եթե նույնիսկ ամենամտերիմ ընկերն էր սխալ ինչ-որ քայլ անում, Բագրատն անպայման իր բացասական վերաբերմունքը պիտի արտահայտեր։ Հենց որպես լուսավոր ու այդքան դրական մարդ էլ նրան կհիշեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Գոհար Մկրտչյանը։
Դասղեկը վստահ է՝ միայն Բագրատի նմանները կարող էին մնալ ընկերների կողքին ու հերոսական պայքար մղել։ Տիկին Մկրտչյանը շատ լավ գիտեր, որ երբ Բագրատը մեծանա, հենց այսպիսի բնավորություն է ունենալու՝ պայքարող, չնահանջող ու նվիրված։
«Երկար տարիներ է աշխատում եմ որպես մանկավարժ, տարբեր երեխաների եմ տեսել, դասավանդել։ Պատերազմն ապացուցեց, որ հենց սահմանին կանգնող երեխաները, ովքեր շատ հասարակ, աշխատավոր ընտանիքներից են, երկիրը պահողն են։ Բագրատի ծառայությունը մեկ տարով կարող էր հետաձգվել, նա կարող էր նույնիսկ չգալ ու չծառայել, բայց Ռուսաստանից ինքնակամ եկավ ու գնաց ծառայության։ Հիշում եմ՝ դասընկերներով ինձ մոտ եկան, զրուցեցինք, ասում էր՝ բա չէ, ընկեր Մկրտչյան, ոնց կլինի՝ ես չծառայեմ»։
Տիկին Մկրտչյանն ասում է՝ ինչ էլ արվի հերոսացած տղաների համար, քիչ է. պետք է գոնե ձգտել լինել այնքան հայրենասեր, որքան նրանք էին։
Բագրատ Ալեքսանյանը «Հրեշտակների ջոկատի» անմահ հերոսներից մեկն էր, ով նախորդ տարվա ապրիլին Ջրականի (Ջաբրայիլի) 112 դիրքի ավագ, հերոս սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորած մարտում ընկերների հետ միասին մի քանի ժամ թեժ պայքար էր մղել հակառակորդի դեմ ու ընկել հերոսական մահով:
Վերջերս լույս տեսավ հերոսի բանաստեղծությունների ժողովածուն, որը կրում է «Վերադարձ» խորագիրը։ Բագրատ Ալեքսանյանի ստեղծագործությունները բազմազան են՝ «Արարատին», «Հայրենիքիս», «Կարոտ» եւ այլն։ Նրա երազանքն էր ունենալ սեփական բանաստեղծությունների ժողովածու։
Բագրատ Ալեքսանյանը ծնվել է 1995 թվականի հունիսի 11-ին Երեւանում։