Իջևանում աներոջը սպանելու մեջ մեղադրվող Արթուր Շահինյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. օգոստոսի 16-ին Արթուրը վաղ աավոտյան Իջեւանի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր եւ կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել աներոջ հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել եւ սպանել է աներոջը:
Արթուր Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. օգոստոսի 16-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջեւանի հուշաղբյուրներից մեկի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։ Ի դեպ, սպանվածն աշխատում էր ջրամբարում եւ աշխատանքի գնալիս է եղել, երբ փեսան հետապնդել եւ սպանել է նրան: