Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին, ով կասկածվում է օրեր առաջ Հրազդան քաղաքում 58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ, ստորագրություն է տվել՝ քաղաքից չհեռանալու մասին:
ԼՈւՐԵՐ.com-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին. «Հարուցվել է քրեական գործ, Հրազդանի քաղաքապետի որդին ներգրավված է որպես կասկածյալ, նշանակված են փորձաքննություններ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկատարվի դատավարական ոորոշում, ինչի մասին լրացուցիչ կիրազեկենք»:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ծառայողական Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով նրա որդին վրաերթի է ենթարկել հետիոտն, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին, ով հիվանդանոցում մահացել է: Վրաերթից հետո վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել էր և դեպքի վայրից դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։