Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին փաստաբանների բողոքը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գևորգ Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանն ասաց, թե դեռ չեն ստացել դատարանի որոշումը։
«Երբ ստանանք, հասկանանք՝ ինչ պատճառաբանությամբ է մերժվել, հավելյալ մեկնաբանությամբ հանդես կգանք», -նշեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել էր Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։