ՀՀ գլխավոր դատախազը ընթացք է տվել փաստաբանի դիմումին Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը որոշում է կայացրել վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին:

 

Վանաձորցու փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը բողոք էր ներկայացրել Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանին' պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի բաժանմունքի քննիչ Զորի Բաբայանի կայացրած որոշումը:

 

Համաձայն քննիչի որոշման' վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 112 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է' դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Փաստաբանը պահանջել էր կարճել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը: Խնդրի մասին նա տեղյակ էր պահել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

 

2013 թվականի սեպտեմբերի 16-ին որովայնի շրջանում թափանցող մարմնական վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել Կ. Ք.-ն' հայտարարելով, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Դեպքից երկու ժամ անց Ռոբերտ Հովհաննիսյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն, եւ հայտնել է, որ տուժողի վնասն ինքն է պատճառել: Նա պատմել է, որ ծագած վեճի ժամանակ խլել է տուժողի ձեռքում առկա դանակն ու տուժողի դանակով հարվածել վերջինիս:

 

Փաստաբանը տեղեկացնում է, որ թե տուժողը, թե մեղադրյալը երթուղայինի վարորդներ են: Դեպքի օրը ոչ ճիշտ վազանց կատարելու հետեւանքով նրանց միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Տուժողը փորձել է դանակով հարվածել իր պաշտպանյալին, վերջինս էլ նրա ձեռքից խլել է դանակն ու այդ դանակով մեկ անգամ հարվածել տուժողին:

 

«Այստեղ չկա անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Իմ պաշտպանյալի բոլոր գործողությունները ուղղված են եղել իրեն պաշտպանելու, եւ դա անհրաժեշտ պաշտպանության վիճակում գործելու օրինակ է: Թեեւ մեծ հույսեր ու ակնկալիքներ չունեի, բայց գլխավոր դատախազի մոտ գործի զեկուցման ընթացքում վերջինս հանգեց այն կարծիքին, որ այստեղ իրոք առկա է անհրաժեշտ պաշտպանության վիճակ: Այդ ընթացքում Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը որոշում կայացրեց ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Որոշման մեջ նշված է, որ Ռոբերտ Հովհաննիսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչը, հետեւաբար, ենթադրում է, որ նաեւ քրեական գործով վարույթը կկարճվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը' նկատելով, որ առանց ՀՀ գլխավոր դատախազի' գործի հանդեպ դրսեւորած օբյեկտիվ, անաչառ եւ անկողմնակալ մոտեցման, սայլը տեղից չէր շարժվի:

 

«Ողջունելի է, նաեւ հուսադրող է: Կարծում եմ, որ դատախազը ոչ միայն այս գործով նման վերաբերմունք դրսեւորեց, այլ ցանկացած գործով էլ այդպես կվարվի»,- եզրափակում է Ռուբեն Հակոբյանը: