ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն՝ մանկահասակ երեխայի մահվան գործով: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 


Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երեխան նախադպրոցական ուսումնական հաստատության շենքից դուրս է եկել պատասխանատու անձի անփութության հետևանքով։ Մասնավորապես՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Լոռու մարզի բնակչուհին աշխատել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ որպես դաստիարակ, ում պարտականությունների մեջ է մտել հսկողություն իրականացնել իրեն վստահված երեխայի նկատմամբ։ Սակայն դրսևորված անգործության և անփութության հետևանքով մանկահասակ երեխան, ով ունեցել է խոսքի որոշ խնդիրներ, միայնակ դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից և գնացել շուրջ 300 մետր հեռավորության վրա գտնվող Դեբեդ գետի ուղղությամբ, որի ափին էլ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:

 


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
2017 թվականի փետրվարի 14-ին' առավոտյան, Դեբեդ գետի ափին հայտնաբերվել էր 2013 թվականին ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։