Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն անցել են հասցեական հայտարարությունների, ինչի ականատեսը եղանք օրերս. «Երբ եռանախագահները հայտարարում են, որ Ադրբեջանը զինադադարի խախտման համար պետք է խստորեն դատապարտվի, դա միայն հայտարարություն չէ: Նրանք փորձում են հնարավորինս հավասարակշռել կողմերին և արդեն ստիպված են լինում հասցեական հայտարարություններ անել, ինչն արեցին օրերս՝ նշելով, որ Ադրբեջանն է խախտում զինադադարը: Նրանց հայտարարությունները լոկ հայտարարություններ չեն և չնայած դրան, Ադրբեջանը ձևացնում է, որ կարող է ամեն կերպ արհամարհել այդ հայտարարարությունները և փորձում է նաև ամեն կերպ խուսափել հետաքննության մեխանիզմների ստեղծումից, թեև առանց այդ մեխանիզմների էլ պարզ է՝ ով է խախտում զինադադարը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պարբերաբար մեջբերվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց. «ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը 4-ն են և, երբ դրանք ընդունվում էին, յուրաքանչյուր բանաձևից հետո Ադրբեջանը հրաժարվում էր կատարել նախորդը։ Բացի այդ, խոսքը չէր գնում բանակցային գործընթացի մասին, դրանք ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանն ու զինադադարի հաստատմանը»:
Էդվարդ Նալբանդյանը խոսեց նաև ադրբեջանցի գործընկերոջ այն հայտարարության մասին, թե ստատուս քվոն այլևս անընդունելի է.
«Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվել մի բանի վրա, անընդհատ կրկնել դա ու անելով լրիվ հակառակը։ Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն։ Բաքվի բրենդ է առաջացել՝ ասել մի բան, լրիվ այլ բան անել», - ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը: