Լրագրող Աֆղան Մուխթարլըի վրացի փաստաբանը դատի է տվել Թբիլիսիի դատախազությանը: Այս մասին հայտնել է լրագրողի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին՝ ադրբեջանական turan.az-ին տված հարցազրույցում: Փաստաբանի բողոքը կապված է Մուխթարլըին և նրա կնոջը «տուժողի» կարգավիճակ չտալու հետ: Չոպիկաշվիլին նշում է, որ այդ հարցով իրենք դիմել են վրացական հետախուզական մարմիններին, սակայն դիմումը չի ընդունվել: Փաստաբանը որոշել է այս հարցին լուծում տալ՝ վրացական դատախազությանը դատի տալու ճանապարհով:
Աֆղան Մուխտարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում եւ ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա եւ դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, եւ այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան եւ փաստել, որ քթի եւ ճակատի հատվածում երեւում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի: