Մերձմոսկովյան շրջանում ողբերգական ավտովթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դատի է տվել քննիչին, ով իր պաշտպանյալին դատարանի դահլիճ էր բերել կանացի խալաթով:

 

Մեղադրյալին կանացի խալաթով և հողաթափերով դատարանի դահլիճ բերելը, ըստ իս, անձին կալանավորելու վերաբերյալ օրենքի խախտում է. Life News-ին հայտնել է Հրաչյայի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

 

Նա պարզաբանել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հարությունյանը ցանկություն է հայտնել կապվել հարազատների հետ և նորմալ հագուստ խնդրել, այդ խնդրանքը չի կատարվել:

 

Մարգարյանը հույս է հայտնել, որ դատարանը վերջապես վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի պատմությանը, քանի որ համապատասխան բողոքները դատախազություն և քննչական կոմիտե ոչ մի արդյունքի չեն բերել:

 

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը հուլիսի 13-ին իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Պոդոլսկում բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ:

 

Հարությունյանը լիովին ճանաչել է իր մեղքը և խոստովանել, որ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները' փորձելով կանգնեցնել բեռնատարը, որի արգելակները չէին աշխատում: